Դ. Ջամալյան. Պատժիչ գործողությունները օրվա հրամայականն են
«Առաջին հերթին խորին ցավակցություն եմ հայտնում մեր հերոսների հարազատներին: Տվյալ պարագայում հերոսություն ասվածը ամպագորգոռ արտահայտություն չէ: Մարտական հերթապահությունն առօրյա հերոսություն է, իսկ մարտական հենակետում հերթապահող զինվորները մեր նորօրյա հերոսներն են: Պասիվ պատերազմի պայմաններում ապրող մեր հասարակությանը սահման պահող զինվորը պետք է մատուցվի իբրև հերոսացման արժանի կերպար»,- անդրադառնալով ադրբեջանցի դիպուկահարների կողմից ԼՂՀ ՊԲ երկու դիրքապահների սպանության փաստին՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Իսկ ինչ վերաբերում է թշնամուն, ապա ըստ փորձագետի՝ ադրբեջանական հասարակությունը պետք է արդեն իսկ հստակ գիտակցի, որ շատ մեծ գին է վճարում իր ղեկավարության նման անպատասխանատու և արկածախնդիր քաղաքականության համար:
«Իսկ որ գործ ունենք անպատասխանատու քաղաքականության հետ, կարծում եմ ակնհայտ է բոլորիս, քանզի նման դեպքերում հայկական կողմի պատասխանը որպես կանոն լինում է անողոք: Հիշեցնենք, որ բոլոր նման դեպքերում մեր կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների հետևանքով թշնամին կրել է ծանր կորուստներ: Այդպես կլինի նաև այս անգամ: Առավել քան վստահ եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ առաջիկայում ադրբեջանական բանակը անխուսափելիորեն կորուստներ է կրելու գիտակցում է, սակայն առաջին գծում լարվածությունը պահպանելուց չի հրաժարվում: Եվ դա այն դեպքում, երբ ընթացիկ տարում ադրբեջանական բանակի կորուստները շեշտակիորեն աճել են, և ելնելով առողջ տրամաբանությունից պաշտոնական Բաքուն պետք է որ ամեն կերպ ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն այդ կորուստների թվի աճին: Հետևաբար ինչ է սա, եթե ոչ սեփական ժողովրդի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի դրսևորում»,- ասաց Դ. Ջամալյանը:
Նրա խոսքերով, բնականաբար, առաջին գծում լարվածությունը պահպանելը ինքնանպատակ չէ: «Բաքվում կարծում են, թե հայ զինվոր սպանելով բարոյալքում են հայաստանյան հասարակությանը, մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Հայ զինվորի սպանությունը մեզանում ավելի է սրում ադրբեջանցի թուրքի հանդեպ թշնամանքը: Իսկ, ինչպես գիտենք, արտաքին թշնամու կերպարը նպաստում է հասարակության համախմբմանը: Այդ համախմբման արդյունքը լինում է թշնամուն խաղաղություն պարտադրելու նպատակով վճռական գործողություններ ձեռնարկելու հանրային պահանջի ձևավորումը»,- ասաց բանախոսը:
Փորձագետը նշեց, եթե հաշվի առնենք, որ թշնամուն զսպելու միակ արդյունավետ ձևը համաչափ ուժ կիրառելով նրա հանդեպ բարոյահոգեբանական առավելությունը պահպանելն է, ապա պատժիչ գործողությունները օրվա հրամայականն են: «Հետևաբար կարելի է վստահ լինել, որ առաջիկայում ադրբեջանական լրահոսում կհայտնվեն տեղեկություններ իբր արտակարգ պատահարների հետևանքով զոհված ադրբեջանական բանակի ասքյարների մասին»- հավելեց Դ. Ջամալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին