«Կարթել-Աննա» . «Նոր Զովք» ընկերությանը կարագի անվան տակ սփրեդ չենք մատակարարել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի այսօրվա նիստում «Կարթել-Աննա» ընկերության ներկայացուցիչ Համլետ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք «Նոր Զովք» ընկերությանը կարագի անվան տակ սփրեդ չեն մատակարարել: Ըստ նրա` բուսասերուցքային սփրեդը որպես կարագ վաճառվել է «Նոր Զովք»-ի կողմից, այսինքն` խախտումը իրականացրել է հենց այդ ընկերությունը:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի նիստում սփրեդը կարագի անվան տակ իրացնող տնտեսվարողները տուգանվեցին 3-ական մլն դրամով, դրանց թվում են նաև ներկրող հանդիսացող «Կարթել-Աննա» ընկերությունը և «Նոր Զովք» սուպերմարկետը:
Հ. Խաչատրյանի խոսքերով` իրենք բոլոր փաստաթղթերն ունեն, որ կարագ են ներկրել: Ըստ նրա` վերջին անգամ «Նոր Զովքին» կարագ են մատակարարել ապրիլին, այն էլ ընդամենը 30 կգ: «Մարդիկ չեն ուզում ընկալել, որ խանութից գնված է եղել այլ ընկերության կարագ, և հնարավոր չէ, որ 60 օր շարունակ վաճառեն ընդամենը 30 կգ կարագ: Մենք մեր հիմնավորումները կներկայացնենք դատարան»,- նշեց նա:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով` կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում վարչական վարույթ հարուցվել է 2 ամիս առաջ, սակայն այս ընթացքում «Կարթել-Աննա» ընկերությունը ոչ մի գրավոր փաստաթուղթ ու առարկություն չի ներկայացրել, մինչդեռ ունեցել է բավարար ժամանակ:
«Եթե «Նոր Զովքը» սխալ տեղեկատվություն է տրամադրել, ապա կարող եք դատարան դիմել»,- «Կարթել-Աննա»-ի ներկայացուցչին դիմելով ասաց Ա.Շաբոյանը: