Լիբիան հրաժարվել է Քադաֆիի որդուն հանձնել միջազգային ատյաններին
Լիբիայի նոր իշխանություններն հրաժարվել են միջազգային ատյաններին փոխանցել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի գերեվարված որդուն` Սեյֆ ալ-Իսլամին: Այս մասին, «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մահմուդ Շամմամը:
Ինչպես նշվում է, կիրակի օրը կառավարության անդամները գաղտնի քվեարկություն են անցկացրել Քադաֆիի որդու հետագա ճակատագրի վերաբերյալ: Արդյունքում` որոշում է կայացվել, որ Սեյֆ ալ-Իսլամին դատելու են հայրենիքում:
Լիբիայի արդարադատության նախարար Մոհամեդ Ալ-Ալաջին, իր հերթին, հայտնել է, թե Քադաֆիին կարող է սպառնալ մահապատիժ «լիբիական ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործությունների համար»:
Նախարարը ալ-Իսլամի կատարած հանցագործությունների շարքում նշել է պետական գումարների վատնումը, բանակայիններին սպանություններ կատարելու հրահրումը, վարձկանների ընտրությանն ու կռվի դաշտ գործուղումը և այլն:
Հիշեցնենք, ավելի վաղ Քադաֆիի ավագ որդու նկատմամբ հետախուզում էր հայտարարել Հաագային միջազգային քրեական դատարանը:
Սեյֆ ալ-Իսլամը գերեվարվել էր նոյեմբերի 19-ին Նիգեր փախչելու փորձ կատարելու ժամանակ: Ներկայումս նա պահվում է Զինտան քաղաքում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղի ղեկավարությունն հայտնել է, թե կպահի ալ-Իսլամին այնքան ժամանակ, մինչև երկրում հիմնվի դատական նոր համակարգ: