Ռազմական փորձագետ. «Ադրբեջանը պատրաստ չէ ակտիվ մարտական գործողությունների վերսկսմանը»
«Մենք ունենք մարտական գործողություններ, որոնք երբեք չեն դադարում` երբեմն սաստկանում են, ինչ-որ պահի մեղմանում: Եվ ունենք հակառակորդ, որը միայն ու միայն կարող է հասկանալ ռազմական լեզուն, և եթե նա իրեն պահում է լկտի, ապա պետք է հուժկու պատասխան ստանա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով վերջին օրերի դեպքերին, երբ հայկական կողմը երկու զոհ ունեցավ ռազմական փորձագետը, ինչպես նաև մյուս բանախոս, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձան նաև պատերազմի վերսկսման հնարավորությանը. «Չեմ կարծում, որ ներկայում այն հավանական է, քանի որ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ չեն կարող հաջողության հասնել պատերազմում և հենց դա է պատճառը, որ այդ ուղղությամբ չեն շարժվում: Հակառակ պարագայում նրանք մի րոպե անգամ չէին վարանի»,- վստահություն հայտնեց քաղաքագետը:
Պատերազմի վերսկսման հավանականության վտանգը գալիս է հենց Ադրբեջանից, շարունակեց նա, քանի որ բանակցային գործընթացի ձախողման հիմնական պատճառն էլ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունն է. «Եվ եթե պատերազմը վերսկսվի Ադրբեջանի կողմից, ինչպես այդ մասին նշել է պաշտպանության նախարարը, հայկական կողմը պետք է գնա առաջ հնարավորինս այնքան, որ վերջնական զրկի Ադրբեջանին հետագայում հայկական կողմի նկատմամբ որևէ ոտնձգություններ իրականացնելու հնարավորությունից»,-շեշտեց Հ.Մելիք-Շահնազարյանն ու հավելեց, որ այս պահին Ադրբեջանի իշխանություններին հենց դա էլ պետք էր` ցույց տալ էսկալացիան, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությանն ավելի շատ սոցիալական ու ներքաղաքական խնդիրներն են հուզում, քան Արցախի խնդիրը:
Իսկ ռազմական փորձագետը հարցը ձևափոխեց` եթե գործը հասնի դրան, ապա պատերազմը ոչ թե կվերսկսվի, այլ կմտնի ակտիվ մարտական գործողությունների փուլ` պատերազմն ընթացքի մեջ է: Բայց. «Այդ հավանականությունը միշտ կա, այն պետք չէ բացառել, սակայն ես չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է ակտիվ մարտական գործողությունների վերսկսմանը: Եվ այնպես էլ չի, թե երեք տարի առաջ պատերազմն այնքան էլ հավանական չէր, քան հիմա, որովհետև այսօր ռազմական բյուջեն ավելի մեծ է, ոչ: Հավանականությունը միշտ էլ կա»,- շեշտեց փորձագետ Ա.Հովհաննիսյանը:
«Պատրաստ չէ» ասվածի տակ փորձագետը մի շարք գործոններ է տեսնում, բայց մատնանշելով կոնկրետ վերջին դեպքերը, որոնք մամուլում ներկայացվում են իբրև «դիպուկահարների պատերազմ», Ա.Հովհաննիսյանն ընդգծեց, որ նման բան չկա, քանի որ դա կնշանակեր երկուստեք մշտապես դիպուկահարների որս մեկը մյուսի նկատմամբ. «Իսկ այդ փաստը մենք այսօր չենք տեսնում, այլ, հակառակը, տեսնում ենք դիպուկահարների, որոնք խոցում են հերթապահություն կատարող շարքային զինվորների: Իսկ դա դիպուկահարների պատերազմ չէ»,- նշեց նա ու հավելեց, որ եթե խոսքը գնար հենց պրոֆեսիոնալ դիպուկահարների պատերազմի մասին, Ադրբեջանը վաղուց տանուլ էր տվել` նրանց արհեստավարժ մասնագետներն ամենևին էլ ադրբեջանցի չեն և շատ դեպքերում դա սլավոնական ծագման կանայք են, որոնք երբեք պրոֆեսիոնալ հայ դիպուկահարի դիմաց դուրս չեն գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար