ՀԱԿ-ը փորձում է իրեն վերագրել կոալիցիոն կուսակցությունների հաջողությունները
Օրըստօրե իր լսարանը կորցնող ՀԱԿ-ը փորձում է ամեն գնով ցույց տալ, թե ինքը որոշակի կապ ունի երկրի ներսում կատարվող քաղաքական իրադարձությունների հետ: «Երբ ՀԱԿ-ը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը իր գործունեության արդյունքն է, մտածող մարդիկ պարզապես ժպտացին, սակայն երբ ՀԱԿ-ը հայտարարեց, թե Իջևանի քաղաքապետի ընտրություններում հաղթած ԲՀԿ-ին աջակցել է ՀԱԿ-ի Իջևանի մասնաճյուղը, խելամիտ մարդկանց մոտ Կոնգրեսին ծաղրելու ցանկություն առաջացավ»,-գրում է «Голос Армении»-ն և նշում, որ այս լուրը Գագիկ Ծառուկյանի և Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին ապատեղեկատվության «հարազատ քույրն» է, ապատեղեկատվություն, որը տարածում է Կոնգրեսը` իր մասին հիշեցնելու նպատակով և ապա ինքն էլ հերքում այն: Ըստ թերթի, զրկվելով արտաքին ուժերի օժանդակությունից, Լ. Տեր-Պետրոսյանը հույսը դրել է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա տարաձայնությունների վրա, սակայն այս երկու կոալիցիոն կուսակցությունները շարունակում են մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում` հուսախաբ անելով ԼՏՊ-ին: «Լ. Տեր-Պետրոսյանը իշխանության հետ երկխոսության նստեց ՀԱԿ-ի համար գալիք ընտրություններում խորհրդարանական տեղեր ապահովելու նպատակով, սակայն չստացվեց` երկխոսությունն ընդհատվեց և այլևս չվերսկսվեց»,-գրում է թերթը: