Դիլիջանում միջազգային դպրոցի շինարարությունն ընթանում է ըստ ժամանակացույցի
Աշխատանքային այցով Տավուշ մեկնած ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Այդ մասին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:
Զեկուցվել է, որ ներդրումային ծրագրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի: Տեղում շինարարության պատասխանատուների և տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ենթակառուցվածքների տեղափոխման, շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Դիլիջանում Ա. Գևորգյանը ներկա է գտնվել նաև «ԱրմենիաԻնֆո» տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին: Համակարգը մշակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, և տվյալներ է ներկայացնում Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) ցուցանիշների վերաբերյալ:
Փոխվարչապետն այնուհետև մեկնել է Իջևան, որտեղ մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն: