Ալբերտ Ազարյան. «Ես ձգվեցի, սլացա դեպի վեր, ապա դանդաղորեն բացեցի թևերս…»
Մելբուռնի օլիմպիական խաղերը մեկնարկեցին 1956 թ. նոյեմբերի 22-ին: ԽՍՀՄ պատվիրակության կազմում էին Հայաստանի երեք մարզիկներ: Հիշարժան այդ տարուց անցել է 55 տարի... ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակիցը զրուցել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանի հետ:
- Գիտենք, որ նավով եք մեկնել Մելբուռն:
- Էլ մի ասեք: Մինչ նավ նստելը Երևանից գնացքով մեկնեցինք Մոսկվա: Այնտեղից դարձյալ գնացքով ԽՍՀՄ պատվիրակությունը հասավ Վլադիվոստոկ: Այնտեղ նավ նստեցինք ու 20 օր հետո հասանք Օլիմպիական մայրաքաղաք: Մի խոսքով` մեկ ամսից ավելի անցկացրեցինք գնացքում և նավում: Չեմ թաքցնում` հոգնել էինք:
- Բացի այդ, նաև լավ մարզավիճակն էիք կորցրել:
- Մեր նավը ճոճվում էր նաև մարզիկների պարապմունքներից: Որոշ մարզագույք էին տեղավորել տախտակամածում: Մարզիչները պարապուրդի չէին մատնված և ուժասպառ լինելու աստիճան աշխատում, ղեկավարում էին մեր պարապմունքները:
Իհարկե, հնչում էր երաժշտություն, հայրենասիրական երգեր, թիմակիցներով միմյանց կատակներ էինք «շպրտում», իսկ Վլադիմիր Ենգիբարյանի, Իգոր Նովիկովի և իմ անձնական մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի հետ հաճախ զրուցում էինք մեր սիրելի հայրենիքի ու Երևանի մասին:
- Մելբուռնյան համաշխարհային գլխավոր մարզահանդեսից անցել է 55 տարի: Տարեթիվը հոբելյանական է, և այդ առթիվ շնորհավորում ենք Ձեզ ու մեր մյուս հայրենակիցներին, մանավանդ որ Հայաստանի բոլոր երեք պատվիրակները հայրենիք վերադարձան օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումով: Ավելին` ձեզ փաղաքշաբար կնքեցին «օղակների արքա», Ենգիբարյանին` «համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական», Նովիկովին` «հինգ հատկանիշների ասպետ» անուններով:
- Կուզեի չմոռանաք նաև ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի և մոսկվացի ջրագնդորդ Բաբկեն Մարգարյանի անունները: Խաղերի փակման օրը նշանավորվեց ֆուտբոլի եզրափակչով: ԽՍՀՄ հավաքականը հաղթեց հարավսլավցիներին (1:0) և նույնպես հռչակվեց չեմպիոն: Բոլոր երևանցիներս հետևում էինք այդ մրցամարտին ու հայերենով էինք ոգևորում Նիկիտային: Նա փայլեց իր բարձրարվեստ խաղով: Հրաշալի մրցելույթներով աչքի ընկավ նաև Բաբկենը: Նրա թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Ընդհանրապես` տեղյակ էինք միմյանց մրցումային ծրագրերին և գրեթե մշտապես ականատես էինք դառնում հայերիս մրցելույթներին:
- Ավաղ, կյանքին հրաժեշտ է տվել իրեն հայ ժողովրդի ռուս զավակ համարող փառաբանված Իգոր Նովիկովը: Վլադիմիր Ենգիբարյանը գտնվում է Լոս Անջելեսում, Նիկիտա Սիմոնյանը և Բաբկեն Մարգարյանը` Մոսկվայում: Մահացել է նաև Սեմյոն Ղարագյոզյանը… Կխնդրեինք, որ երկու խոսքով ներկայացնեք Ձեր մրցելույթները:
- Հիշարժան է սկիզբը: Մարզիչս ինձ մի լավ տաքացրեց, այրելու աստիճան շփեց ուսերս, թևերս ու ինձ գրկեց, բարձրացրեց դեպի օղակները: Ես ձգվեցի, սլացա դեպի վեր, ապա դանդաղորեն բացեցի թևերս և ընդունեցի իմ հանրահայտ «խաչ» դիրքը: Ընդհանուր լռությունը խախտեց հանդիսականի` իրար ձուլված հիացմունքի ու զարմանքի արձագանքը: Հասկացա, որ տպավորվեցին, ու ավելի ոգևորված շարունակեցի ծրագիրս:
- Մի քանի խոսք էլ` վերադարձի մասին:
- Մելբուռնին հրաժեշտ տվեցինք նավից` դեկտեմբերի ութին: Երթուղին նույնն էր և Երևան հասանք հունվարի վեցին: Կայարանում մեզ դիմավորեցին մեր հարազատները,բարեկամները և հաղթանակներին տեղյակ մի խումբ մարզասերներ: Ժամանակն էր այդպիսին. լրատվամիջոցներ չկային, նույնիսկ քչերը ռադիո ունեին: Հիմա բոլորովին այլ է, և ես ուրախ եմ, որ հաղթանակների մասին տեղյակ է լինում ամբողջ երկիրը:
- Լոնդոնյան խաղերում Դուք եք լինելու Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը:
- Որոշումը կայացրել է ՀԱՕԿ-ի գործկոմը: Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նկատի չունեմ իմ ընտրության հարցը: Պարզապես հաճելի է, որ ավագների ծառայությունները չեն մոռացվում, ու չեմպիոնները գնահատվում են: Հաճելիորեն զարմանում եմ, որ նա մարզաշխարհի մյուս երևելիների հետ ճանապարհում-դիմավորում է թիմերին, բազմատեսակ աջակցություն, օգնություն է ցույց տալիս մեդալակիրներին: Մնում է, որ մարզիկները գնահատեն այդ ամենը ու մրցումներից հաղթանակներով վերադառնան հայրենիք, արդարացնեն մարզասերների սպասելիքները:
ՀԳ. Մելբուռնի 16-րդ օլիմպիական խաղերին մասնակցել է 67 երկրի 3342 մարզիկ (348 մարզուհի): Նրանք հանդես են եկել 16 մարզաձևերում: ԽՍՀՄ հավաքականի հաշվին գրանցվել է 98 մեդալ` 37 ոսկե, 29 արծաթե և 32 բրոնզե: