«Համակարգիչ բոլորի համար».փաստաթղթերի մշակումն արդեն ավարտվել է
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման համար նախատեսված փաստաթղթերի մշակումն ավարտվել է, Համաշխարհային բանկի կողմից այն արդեն հաստատել է, մնում է դրանք հաստատվեն ծրագրի կառավարման խորհրդի կողմից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի փոխտնօրեն Ժենյա Ազիզյանը: Նշենք, որ վերոնշյալ փաստաթղթերով սահմանվում են համակարգիչների արտադրողների ընտրության չափանիշները, խանութների ցանցը և այլն:
Նրա խոսքերով` աշխատանքները բնականոն հունով շարունակվում են, և խորհրդի հաստատումից հետո մինչև տարեվերջ մրցույթ կհայտարարվի, որի արդյունքում հայտնի կդառնան, թե որ ընկերություններն են ծրագրին մասնակցելու: «Հուսով եմ, որ մեծ թվով ընկերություններ կմասնակցեն, բացի դրանից ամեն ինչ արվել է, որ հայտնի արտադրողներից որևէ մեկը ինչ-որ չափորոշիչի պատճառով ծրագրից դուրս չմնա»,- ասաց Ժ.Ազիզյանը:
Ինչ վերաբերում է ծրագրին մասնակցող խանութներին, ապա Ժ.Ազիզյանը տեղեկացրեց, որ խանութների ցանկն արդեն պատրաստ է, բայց ծրագրի պահանջներից մեկն այն է, որ արտադրողները նույնպես իրենց հավանությունը տան: Նշվեց նաև, որ ցանկում արդեն կան 100-ից ավելի վաճառակետեր:
Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածման, ինտերնետ հասանելիության ապահովման և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին