Գերմանիայի դեսպանը հանդիպեց հայ աշակերտներին
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է մեր երկրում Գերմանիայի դեսպանատան հետ ստորագրել համագործակցության հուշագիր, որով Հայաստանում ավելի մեծ ուշադրություն կդարձվի գերմաներենի ուսուցմանը: Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագրի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Պաշտոնյան նշեց, որ այսօր Հայաստանում գերմաներեն է դասավանդվում շուրջ 200 դպրոցներում` մոտ 4000 աշակերտի: Ն.Հովհաննիսյանի խոսքով, գերմաներենի ուսումանսիրելը ևս մի հնարավորություն է հայ աշակերտների համար ինտեգրվել օտարերկրյա իրենց հասակակիցներին: Նա նաև ողջունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նախաձեռնությունը` նշելով, որ նման հանդիպումները ավելի են նպաստում միջմշակութային համագործակցությանը:
«Այսօրվա դպրոցականները կարևոր խնդիր ունեն` շատ լավ ճանաչել սեփական մշակույթը` ճանաչելով տարբեր երկրների ժողովուրդների ձերքբերումները: Դա մեզ համար գերակա և կարևոր խնդիր է` ապահովելով կրթության բարձր որակը: Հնարավոր չէ ունենալ կրթության բարձր որակ, եթե չլինի լավ դաստիարակություն», - ասաց Ն.Հովհաննիսյանը:
Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Վահրամ Կաժոյանը, ողջունելով ԳԴՀ դեսպանին, հայտնեց, որ ծրագրի շրջանակներում սա արդեն երրորդ միջոցառումն է և այն մեծապես կնպաստի հայ աշակերտների կողմից գերմանական մշակույթի նորովի ճանաչմանը` մանավանդ հենց դեսպանի ներկայացմամբ:
Նշենք, որ Հայաստանի 11 դպրոցների աշակերտների հետ հանդիպումը կայացավ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում:
Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը աշակերտներին ներկայացրեց իր կենսագրությունն ու գործունեությունը, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան