Ընդդիմության ելույթները պետք է դառնան սովորական
«Առավոտի» խմբագրականում հեղինակն անդրադառնալով օրերս Լեւոն Զուրաբյանի տված հարցազրույցին Հանրային հեռուստաընկերությանը եւ կարծիք հայտնելով, որ նորմալ հարցազրույց էր` գրում է, որ եթե Հ1-ում եւ մնացած հեռուստաընկերություններում ընդդիմադիրները որոշակի պարբերականությամբ հնարավորություն ունենան ելույթ ունենալու, ապա բանախոսները շեշտը կդնեն ոչ թե միտինգային եւ կարգախոսային ձեւակերպումների, այլ ներկա վիճակի իրական այլընտրանք առաջարկելու վրա:
«Ճիշտ է, օրինակ, որ Հայաստանի կարեւորագույն քաղաքական խնդիրը լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է: Սակայն, իմ կարծիքով, ընդդիմադիրները կամ մոլորվում են կամ էլ հատուկ մոլորեցնում են մարդկանց` ասելով, որ դա կարող է տեղի ունենալ նախագահի հրաժարականի միջոցով…բայց իմ կարծիքը վերին ատյանի ճշմարտություն չէ, եւ այդ ամենը պետք է հանգիստ, առանց ավելորդ լարվածության քննարկել տարբեր հարթակներում, այդ թվում` հեռուստատեսությամբ»,- գրում է հեղինակը` Արամ Աբրահամյանը` վերջում հավելելով. «Երկնագույն էկրանից խոսող ընդդիմադիրից իշխանությունները չպիտի վախենան: Դա միանգամայն նորմալ եւ բնականոն երեւույթ է»: