Այս պահին 150-180 մեքենա ճանապարհի վատ լինելու պատճառով կանգնած է Վերին Լարսի անցակետում
«Մեկ ամիս առաջ վրացական կողմը հայտարարել էր, որ մեքենաներին չի թույլատրվում ձմեռային շրջանում անցնել Վերին Լարսի անցակետով: Այս պահին որոշակի խնդիր կա` մոտ 150-180 մեքենա ճանապարհի վատ լինելու պատճառով կանգնած է այդ անցակետում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Արդեն 10 օրից ավելի է հայկական բեռնատարները կագնած են Վերին Լարսի անցակետում:
Մ.Վարդանյանը նշեց, որ առանձին դեպքերում թույլ են տալիս վրացական սահմանն անցած մեքենաներին դուրս բերել այդտեղից: «Վրացական կողմ անցածներին միանշանակ օգնություն է ցուցաբերվում: Հայկական փոխադրող մի ընկերություն ունի ծանր մեքենա և տեղում հանում է մեքենաներին»,-ասաց նախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ վրացական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ հայ-վրացական ընկերություն ստեղծելու մասին, որպեսզի նման խնդիրներ չառաջանան:
«Հիմա աշխատում ենք այդ մեքենաների հարցը կարգավորելու ուղղությամբ: Այդ մեքենաները հիմնականում կուտակված են ռուս-վրացական սահմանի հատվածում»,-ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ճիշտ է, որ «Սպայկա» ընկերության մեքենաններն անարգել անցնում են, նախարարը նշեց, որ նման բան չկա «Սպայկա»-ն ունի ծանր մեքենաներ, որոնց օգնությամբ տեղափոխում է նաև իր մեքենաները: Երկու օր առաջ ինձ մոտ եղել է հանդիպում բեռնաբափոխադրողների և «Սպայկա»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ընկերությունը վրացական կողմ անցած մեքենաներին օգնի տեղափոխվել»:
Նախարարի խոսքերով` վրացական կողմը խնդրի լուծման հետ կապված ունի ծրագրեր, որոնք ներկայացվել են հայկական կողմին: Մասնավորապես` խոսքը գնում է մեծ թունելի կառուցման մասին:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ եթե մեկ- երկու օրից եղանակային պայմանները չբարելավվեն, ապա բեռները կտեղափոխվեն լաստանավով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան