Ռուս փորձագետ. ռազմական բախում տեղի չի ունենա
«168 ժամ»-ին տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Անվտանգության և հասարակական կարգի պահպանման ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Իվանովն անդրադառնալով ԼՂ խնդրին` ասել է. «Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղում լուրջ բախումների հավանականությունը շատ մեծ է, քանի որ ԱՄՆ-ը, որը Հայաստանի հետ բավականին լավ հարաբերություններ է պահպանում (և ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբի կա), անընդհատ փորձում է հարթել այս խնդիրը: Սակայն խնդիրը դեռ ոչ մի կերպ չի լուծվում, թեև գոյություն ունեն հրադադարի մասին որոշակի պայմանավորվածություններ: Այստեղ մեծ դեր ունի Թուրքիայի դիրքորոշումը, որը սատարում է Ադրբեջանին: Սակայն, որքան ես եմ հասկանում, այստեղ ռազմական բախում տեղի չի ունենա, քանի որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների շատ հզոր քաղաքական ուժեր ամեն կերպ աշխատում են այս տարածաշրջանում կայունություն պահպանել»: