Ավագ դպրոցի տնօրենը արձագանքեց Մարքսիստի հայտարարությանը. Ծեծված ուսուցչուհին հայհոյել էր աշակերտին
«Մարքսիստն իրականում պատմել է ռուսերենի ուսուցչուհի Լարիսա Պապյանի մասին: Անցյալ տարի սեպտեմբերին Դավիթ Հակոբյանը իր ընկերոջ հետ եկավ և խնդրեց, որ Լ. Պապյանին ընդունեմ աշխատանքի, ես ընդունեցի: Նա, մտնելով կոլեկտիվ, շարունակ սկանդալներ ու «պատերազմներ» էր սարքում և ուսուցիչների հետ, և աշակերտների հետ, և ծնողների հետ... Բանը հասել էր նրան, որ երկու ամիս առաջ նույնիսկ 16-ամյա մի աղջկա էր ապտակել մարդկանց ներկայությամբ»,- անդրադառնալով իր հասցեին Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի այսօր հնչեցրած մեղադրանքներին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց 127-րդ ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը:
Նշենք, որ այսօր Դ. Հակոբյանը հայտարարել էր, որ 127 ավագ դպրոցի ուսուցիչները դիմել են իրեն և պատմել, թե տնօրենը սովորեցրել ու հորդորել է 11-րդ դասարանի երեք աշակերտների` հրապարակավ ծեծի ենթարկել իրենց ուսուցչուհուն:
Անդրադառնալով մարքսիստի այս հայտարարությանը, տնօրենը պատմեց, որ անցյալ հինգշաբթի օրը 16 տարեկան մի աշակերտի Լ. Պապյանն «անբարոյականի որդի» է անվանել, որի պատճառով տղան ցանկացել է հարվածել ուսուցչուհուն, սակայն ընկերները նրան հետ են քաշել, տղան ընկել է և ոտքը դիպել է ուսուցչուհու ոտքին:
Մեզ հետ զրույցում Ն. Էլոյանն անդրադարձավ նաև մարքսիստի այն խոսքերին, թե` «ուսուցչիչների աշխատավարձերը բռնագանձվում են տնօրենների կողմից», և նշեց. «Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք և ՊՈԱԿ-ի օրենքներով (երրորդ հոդվածի առաջին կետ) մենք պատասխանատու ենք աշխատավարձի, հավելավճարների, դպրոցի ամբողջ գործունեության համար մեր ունեցած բյուջեով»:
Օրենքի համաձայն, դպրոցը որքան որ ճեղքվածք է ունենում, պետք է ծածկի իր բյուջեի, միջոցների հաշվին: Եվ բոլոր ավագ դպրոցներում այդ խնդիրը գոյություն ունի,- նշեց տնօրենը:
«Բյուջեի ճեղքվածքը մեզ մոտ կազմում էր դրույքի դիմաց աշխատավարձի 27 տոկոսի չափ: Եթե 27 տոկոսով իջեցնում էինք աշխատավարձերը, մենք տեղավորվում էինք բյուջեի մեջ: Ենթադրվում էր, որ տարեվերջի 4 ամիսներին այդ միջոցառումների կիրառման շնորհիվ բյուջեի ճեղքվածքը կփակվեր:
Այս առնչությամբ, իհարկե, բոլոր տնօրեններս էլ շատ անհանգստացած ենք: Վերջին հաշվով` շատ տհաճ բան է ուսուցչին աշխատավարձը չտալը»,- հավելեց նա:
Ն. Էլոյանի խոսքերով, այս տարվա պակաս վճարումները նախատեսվում է լրացնել հաջորդ տարի:
Վերջինս այս հայտարարությունները համարում է զրպարտություն ու դրանում քաղաքական դրդապատճառներ է տեսնում` իր ՀՀԿ-ի անդամ լինելով պայմանավորված:
Իսկ ուսուցչուհու` մարքսիստի հետ կապի վերաբերյալ Ն. Էլոյանը ասաց` «Չար լեզուները վատ բաներ են ասում» և նշեց, որ ինքն այդ մասին գիտի «շատ հավաստի աղբյուրներից»:
Միջադեպը հարթելու համար երկուշաբթի օրը մանկխորի նիստ է գումարվելու և նիստն էլ որոշելու է` ինչ վերաբերմունք դրսևորել ուսուցչուհու նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին