Առաջիկա 7-10 օրում կվերանայվի Արամի 30-ում կառուցվող շենքի նախագիծը
Մի քանի օր առաջ Արամի 30 հասցեում գտնվող պատմական շենքի քանդման նախագծի շուրջ բարձրացված աղմուկի հետքերով Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ ` գերակա հանրային շահ և հայտարարվել իրացման գոտի: Ավելին` խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում և կքանդվի:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացրել է, որ Արամի 30-ի քանդմանը դեմ ակտիվիստները երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանին և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանին: Իսկ նոյեմբերի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ հանդիպում՝ նշված խնդիրը համակողմանիորեն քննարկելու նպատակով:
Հանդիպմանը, տեղեկանում ենք հաղորդագրությունից, քննարկվել են շենքի կարգավիճակի, ինչպես նաև դրա պահպանման հնարավորություններին ու տարածքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրի նախագծի վերանայմանն առնչվող հարցեր: «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորաբար նշվում է, որ տարածքը «ճանաչվել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի». արտահայտություններ, որոնք, թեև համապատասխանում են իրականությանը, սակայն քաղաքաշինական կրքերի ներկայիս համատեքստում միանշանակ նսեմացում են քաղաքային իշխանությունների և քաղաքացիական խմբերի միջև երկխոսության փորձերը»,- նշված է խմբագրության էլեկտրոնային հասցեին ուղարկված հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը քաղաքաշինական խորհրդի նախագահ Հ.Պողոսյանն առաջարկել է, որ ժամանակ տրվի նոր կառուցվող շենքի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանին՝ վերանայելու ճարտարապետական նախագիծն այնպես, որ պահպանվի Արամի 30 հասցեի շենքը և ապա վերանայված նախագիծը ներկայացվի քաղաքաշինական խորհուրդ: Ի դեպ, պարոն Ալեքսանյանն ընդունել է առաջարկը և խնդրել է 7-10 օր ժամանակ տրամադրել նախագիծը վերամշակելու և քաղաքաշինական խորհուրդ հանձնելու համար:
Նախորդող լուր` http://www.panorama.am/am/society/2011/11/24/answer-to-letter/
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան