Տեր-Պետրոսյանի վերջին հույսը կոալիցիայի ներսում տարաձայնություններ փնտրելն է
Անդրադառնալով երեկ Թատերական հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքին` «Голос Армении»-ն գրում է, որ Կոնգրեսի երեկվա ցույցը այս տարի անցկացված բոլոր ցույցերից ամենասակավաթիվն էր` ներկա էր մի քանի հարյուր մարդ: Ըստ թերթի` ՀԱԿ-ի երեկվա ցույցի գլխավոր մեխը Արամ Սարգսյանի ելույթի ընթացքում հրապարակի լապտերների հանգչելն էր: Արամ Սարգսյանն այս հանգամանքը շտապեց վերագրել նորանշանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀԱԿ-ի դեմ կազմակերպվող սադրանքներին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք հայտնեց, թե իշխանությունները կտրել են հոսանքի լարը, որպեսզի չերևա, թե ինչքան շատ մարդ է եկել Թատերական հրապարակ:
Այս կապակցությամբ թերթը նշում է. «Ամենայն հավանականությամբ, հոսանքի լարը կտրել են հենց իրենք` ՀԱԿ ակտիվիստները, որպեսզի ոչ ոք չտեսնի, որ Թատերական հրապարակում ընդամենը մի քանի հարյուր մարդ է հավաքվել»: Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, որում վերջինս հայտարարել էր, թե եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից և դառնա երրորդ ուժ ՀՀԿ և ՀԱԿ հակազդեցությունում, ապա բացառված չէ, որ ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ` թերթը նշում է, որ օրըստօրե լսարան կորցնող ԼՏՊ-ի միակ հույսը կոալիցիայի ներսում տարաձայնություններն են, սակայն կոալիցիոն կուսակցությունները շարունակում են մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում` հուսախաբ անելով ՀԱԿ առաջնորդին: