Արցախի նախագահը` դատախազներին. Ուզում եմ վստահ լինել, որ գիտակցում եք ձեր առջև դրված խնդիրների ողջ լրջությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերն` ուղղված հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը, մեր հասարակության անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու ազատությունների պաշտպանությանը: Դա մեծապես նպաստում է Արցախի անկախ պետականության ամրապնդման և արտաքին աշխարհին արժանավայել կերպով ներկայանալու գործին:
Միաժամանակ ուզում եմ վստահ լինել, որ բոլորդ քաջ գիտակցում եք ձեր առջև դրված խնդիրների ողջ լրջությունն ու պատասխանատվությունը և այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեք դրանք հաջողությամբ լուծելու համար:
ԼՂՀ իշխանությունները կշարունակեն մշտական ուշադրության կենտրոնում պահել համակարգի գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու, ձեր աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»: