«Մի հանդուրժիր բռնությունը». Կանանց իրավունքների մասին բարձրաձայնել են Երևանի փողոցներում
Երևանում երեկ անցկացվել է երթ` «Մի հանդուրժիր բռնությունը» խորագրով: Միջոցառումն իրականացրել է Կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որը միացել է Կանանց դեմ բռնության կանխարգելման համաշխարհային շարժմանը:
Երթի ընթացքում մասնակիցները Երևանի գլխավոր փողոցներով անցել են Տերյան փողոցից մինչև Հյուսիսային պողոտա՝ հանրությանը տեղեկատվական թերթիկներ բաժանելով և ակցիաներ իրականացնելով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը իրականացնում է հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումներ՝ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակներում, հայտնում է, որ երթին մասնակցել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև Հայաստանում գտնվող և կամավորություն ստանձնած արտասահմանցիներ:
Միջոցառումը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների խնդրին, քանի որ բռնությունը մարդու իրավունքների ոտնահարում և ոճիր է, ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները:
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը 16-օրյակի ընթացքում նաև վերապատրաստում է անցկացնում գենդեր, գենդերային և սեռական բռնություն թեմաներով, ինչպես նաև հրավիրում է կինոդիտման՝ դեկտեմբերի 2-ին «Թիթեռը», դեկտեմբերի 8-ին «Թիթեռների ժամանակ», ժամը 17:00-ին, Տերյան 62 հասցեում, իսկ դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Փախստական կանայք» ցուցահանդեսին` Մոսկվա կինոթատրոնում: