Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր հայրերը կոչ են արել շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, որ այլևս արյուն չթափվի
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կողմ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով ռազմական լուծումը: Այդ մասին այսօր հայտարարեց Երևանում գտնվող Համայն Ռուսիո պատրիրարք Կիրիլը` ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումից հետո` լրագրողներին ներկայացնելով դրա արդյունքում ընդունված հռչակագիրը:
Նշենք, որ Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպումը գնահատեց կարճ, բայց հաջողված ու արդյունավետ: Ընդունված հռչակագրի ամենակարևոր հատվածն էլ, ըստ նրա, ԼՂ խնդրին վերաբերող մասն է:
Նրանք հորդորել են կողմերին վերադարձնել գերիներին ու սպանվածների դիերը: Հռչակագրում հոգևոր հայրերը կոչ են արել հակամարտող կողմերին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, որպեսզի այլևս արյուն չթափվի և մահեր չլինեն:
«Այդ դեպքում կստեղծվի բարոյական մթնոլորտ, որը նոր հեռանկարներ կբացի հիմնախնդրի կարգավորման համար», -հայտարարեց Պատրիարք Կիրիլը` ընդգծելով, որ իրենք աղոթում են, որ երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների միջև քայլ առ քայլ ամեն ինչ հարթվի և կարգավորվի:
Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստում մասնակցում են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
Ի դեպ, նկատենք, որ վրաց պատրիարք Իլյա 2-րդը, և ընդհանրապես` վրացական կողմից որևէ հոգևորական նիստին չի մասնակցում: Ի դեպ, նշենք, որ վրացական կողմը ԱՊՀ անդամ երկիր չէ, վրացի հոգևոր առաջնորդն այստեղ հրավիրված է եղել հյուրի կարգավիճակով:
ԱՊՀ Միջկրոնական խորհուրդը ստեղծվել է 2004 թվականին մարտի 3-ին Մոսկվայում` Երկրորդ Միջկրոնական խաղարարական ֆորումի ժամանակ: Խորհրդի գործունեությունը ուղղված է ինչպես ԱՊՀ տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ համամարդկային կարևորություն ներկայացնող խնդիրների վերհանմանը և լուծման ուղիներ փնտրելուն:
Նշենք, որ ԱՊՀ Միջկրոնական խորհրդի կազմում ընդգրկված են հետևյալ կրոնական կազմակերպությունները` Հայ Առաքելական եղեկեցի, Ռուս Ուղղափառ եկեղեցի, Վրաց Ուղղափառ եկեղեցի, Կովկասի Մահմեդականների հոգևոր վարչություն (Ադրբեջան), Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Մահմեդականների հոգևոր վարչություններ, Հյուսիսային Կովկասի Մահմեդականների համակարգող կենտրոն, Ռուսաստանի մուֆթիների խորհուրդ, Ռուսաստանի Մահմեդականների կոմիտե, Ռուսաստանի հերթական կրոնական կամզակերպությունների և միավորումների կոնգրես, ԱՊՀ հրեական համայնքների դաշնություն, Ռուսաստանի բուդդիաստական ավանդական սանգխա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան