Սոցիալ-քաղաքական խաղ` Hayland.am-ում
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ուրիշ Հայաստան» On-line սոցիալ-քաղաքական նախագծի շնորհանդես-քննարկումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական PR – խորհրդատության, ինչպես նաև ինտերնետ-մեդիաների, բլոգերի, սոցիալական ցանցերի ներկայացուցիչներ:
«Ուրիշ Հայաստան» նախագծի հեղինակը Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանն է: Այն իրենից խաղային տեխնոլոգիա է ներկայացնում: Ա. Մկրտչյանը ներկայացրեց նախագծի մանրամասները, նախընտրական փուլում ինովացիոն քաղաքական տեխնոլոգիաների կարևորությունը և նախագծին մասնակցելու կարգը:
Բանախոսը տեղեկացրեց, որ «Ուրիշ Հայաստանը» ինտերնետ հարթակում իրական քաղաքական համակարգի մոդելավորումն է, որի նպատակն է նախընտրական գործընթացներին ընդառաջ օնլայն հասարակության սոցիալական իրազեկումը և քաղաքական մասնակցության մակարդակի բարձրացումը:
Շնորհանդես-քննարկմանը ներկա էր տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, ով ընդգծեց, սոցիալական ցանցերը զգալի ազդեցություն ունեն ու այս առումով, ողջունելի է քաղաքական գործիչների ակտիվությունը սոց. ցանցերում, ինչպես նաև հայկական սոցիալական ցանցի միջոցով հասարակությանը քաղաքական գործընթացների մասին իրազեկելն ու քաղաքական մասնակցությունը բարձրացնելը:
Իսկ քաղաքական խորհրդատու, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը նման տեխնոլոգիաների արդյունավետությունը և նշանակությունը դիտարկում է երկու տեսանկյունից. «Առաջինը, PR արշավի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե որքան ճշգրիտ ձևով կսահմանես քո լսարանը, կգտնես այն, կձևակերպես հաղորդագրությունը և կփոխանցես այդ հաղորդագրությունը թիրախային խմբին` իրեն հասկանալի լեզվով»:
Նրա կարծիքով, այս խաղն այդ հնարավորությունը տալիս է:
«Երկրորդ, ես կարծում եմ, որ այն կարող է ունենալ նաև սոցիալական նշանակություն, որովհետև հնարավոր չե մոռանալ մի հսկայական զանգվածի մասին, որն իր օրվա մեծ մասն անցկացնում է համացանցում ու սա նրանց համար քաղաքական սոցիալականացման հնարավորություն է»,- նշեց Ն. Մելքոնյանը` հավելելով, որ «ուրիշ Հայաստան» նախագծի միջոցով քաղաքական ուժերը, շարժումները կարող են որոշակի իդեաներ փորձել ու տեսնել դրանց արդյունավետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին