Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Գերմանիայում բուռն ընդունելության և հոտնկայս ծափահարությունների է արժանացել
«Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» վրա: Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:
Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»,- այս մասին ասուլիսում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում կայացել է Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան՝ Բեռլինի RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիիբրայխի կատարմամբ: Այնուհետև գերմանական երեք քաղաքում (մինչև նոյեմբերի 24-ը), նույնպես ներկայացվել է:
Տ. Մանսուրյանն ասաց, որ «Ռեքվիեմ» (Հավերժական հանգիստ) իրեն պատվիրել են Բեռլինի RIAS կամերային երգչախումբը, Մյունխենի կամերային նվագախումբը, ու նա գոհ է գերմանցիների կատարումից: Գերմանացիները, ըստ գերմանական մամուլի, բուռն ընդունելության են արժանացրել ու հոտնկայս ծափահարել: Համերգին ներկա է եղել նաև գերմանիայում ՀՀ դեսպանն իր տիկնոջ հետ, ինչը շատ է ուրախացրել կոմպոզիտորին:
Նշենք, որ ըստ պայմանագրի, Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը տարիուկես պետք է երգեն ու նվագեն միայն պատվիրատուները:
Կոմպոզիտորը նաև ասաց, որ ինքը ցանկացել է, որ պատվիրատուն լինի հայ: «Երկու տարի առաջ եղավ պատվիրատու, սակայն չկարողացանք վերջնական եզրակացության գալ, քանի որ պահանջեցի այն գումարը, որ սովորաբար ինձ տրվում է, սակայն իրենց ուժերից վեր էր ինձ վճարել»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան