ՀՀ Նախագահ. Այս տարին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության առումով աննախադեպ էր
«Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության առումով աննախադեպ էր, իսկ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել»,-Վրաստանի նախագահի նստավայրում` Միխեիլ Սաակաշվիլու հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը թվարկեց բոլոր այն ոլորտները, որոնք երկկողմ համագործակցության կոնտեքստում եղել են առաջնային` միջխորհրդարանական կապեր, կրթություն, տրանսպորտ, էներգետիկա և այլն: Եվ որպես ասվածի վառ ապացույց` հիշեցրեց, որ օրերս Բաթումիում կայացավ միջկառավարական հանձնաժողովի նիստ` երկու երկրների վարչապետների գլխավորությամբ, տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, որոնց գումարվեց ևս չորսը. դրանք ստորագրվեցին այսօր ՀՀ նախագահ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում.
«Այս առումով հասել ենք շատ բարձր մակարդակի»,- ընդգծեց նախագահը:
Կոնկրետ այսօր ստորագրված համաձայնագիրներից հանրապետության ղեկավարը հատկապես առանձնացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի Ներքին գործերի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը` սահմանային համագործակցության մասին: Նախագահ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ դա կնպաստի սահմանային մեխանիզմների կատարելագործմանը:
Առանձնահատուկ շեշտադրվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրա-տնտեսական համագործակցությունը.
«Այս տարվա տվյալներով` ունենք դրական տեղաշարժ` 20 տոկոսի աճ է արձանագրել առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև, թեև սա դեռ քիչ է Հայաստանի և Վրաստանի համար»,- հայտարարեց նախագահը, բայց և վստահություն հայտնեց, որ առկա խնդիրների շտկումը կբարելավի իրավիճակը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը հայտնեց, որ առաջիկա ամիսներին մեկնարկելու են լավագույն չափանիշներով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու աշխատանքները, որը, միանալով Վրաստանի Նինոծմինդա-Բաթում վերանորոգվող ճանապարհին, հնարավոր կդարձնի բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը.
«Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի և, կարծում եմ, հաջորդ տարի արդեն Հայաստանի բնակչությունը կտեսնի դրա առավելությունները»,- ընդգծեց նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա