Ուրֆայի հայկական գյուղն ու եկեղեցին Թուրքիայի կառավարությունը հռչակել է տուրիզմի կենտրոն
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ լեռների հարավային ստորոտին բազմած հայկական Գերմուշ գյուղն այժմ անվանվում է Դաղեթեղի, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է` Լեռնալանջ: Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը, Թուրքիայի կառավարության որոշմամբ` այդ գյուղը և այնտեղ գտնվող հայկական եկեղեցին հռչակվել են զբոսաշրջության կենտրոն:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչության տարածած հաղորդագրության համաձայն` նման առաջարկով հանդես է եկել նախարարությունը և արժանացել կառավարության հավանությանը: Նահանգային վարչության ղեկավար Սելամի Յըլդըզը հայտնել է, որ արդեն նախապատրաստվում են նշված տարածքն ու շրջակայքը անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրելու գործին, որպեսզի տեղանքն առավել հարմարավետ ու գայթակղիչ դառնա զբոսաշրջիկների համար:
Նշենք, որ Շանլըուրֆան պատմական Եդեսիան է: Հետագայում արաբների և թուրքերի կողմից այն կոչվել է Ուռհա կամ Ուրֆա: Այստեղից էր 12-րդ դարի հայ մատենագիր և ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին: Հունական և հռոմեական պատմագիրների վկայությամբ` Եդեսիան հիմնադրել է Ասորիքի Սելևկոս թագավորը Ք.Ա. 4-րդ դարում: Եդեսիայում է արարվել հայոց մեսրոպյան գիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան