ԵԲՊՀ-ում նշեցին «Ոսկե աշունը»
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» փառատոնը, որը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով բժշկական համալսարանի դասախոսներին և ուսանողներին, նշեց, որ պետական բժշկական համալսարանում ելույթ ունենալը պարտավորեցնող է և միշտ ուղեկցվում է բարի հիշողություններով։ Նա իր շնորհակալությունը հայտնեց բուհում լավագույն ավանդույթները պահպանելու համար։
«16 տարի առաջ բժշկական համալսարանում ուսանողական «Ոսկե աշուն»-ները վերականգնվեցին որպես մի ավանդույթ, որով ուսանողական կյանքի զարկերակը պարբերաբար կենդանության նշաններ էր տալիս։ Եվ բժշկական համալսարանում ուսանողական կյանքն այնքան ուժեղ էր բաբախում, որ ստիպում էր ապրել, աշխատել, մտածել նորովի ոչ միայն ուսանողներին, այլև դասախոսներին։ Ես շնորհակալ եմ իմ կրթօջախին, շնորհակալ եմ այսօրվա ուսանողությանը, որոնք պահելով այն ամենը, ինչ ստեղծվել է մինչև իրենց՝ այս բուհ մուտք գործելը, կարողանում են նորովի մատուցել հին ավանդույթները»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ցերեկույթի ընթացքում պատվոգրեր հանձնվեցին «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն դասախոս», «Լավագույն ամբիոն», «Ֆակուլտետային լավագույն ուսանողներ» անվանակարգերում։ Ծրագրի համերգային մասում իրենց ելույթներով հանդես եկան բուհի «Մեդունի» էստրադային համույթը, «Վերածնունդ» ռոք խումբը, «Մեդունի» պարի խմբի ուսանողները։ Տեղի ունեցավ նաև վոլեյբոլի և բասկետբոլի ներբուհական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Միջոցառումների շարքում բժշկական համալսարանում 16 երկրների (Հայաստան, ԼՂՀ, ՌԴ, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Իսրայել, Բելառուս, Ուկրաինա, ԱՄՆ, Ճապոնիա և այլն) երիտասարդներ ներկայացրին իրենց ազգային ուտեստները, ազգային-ավանդական մշակույթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան