ԱՄՆ փոխնախագահն Անկարայում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 2-ին մեկնելու է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը` վկայակոչելով Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոնի Բլինքենին:
Նույն աղբյուրի համաձայն` ԱՄՆ փոխնախագահը Անկարա կատարելիք այցի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Օրակարգում լինելու է թուրք-ամերիկյան առևտրատնտեսական կապերի ընդլայմանը, «ՔԲԿ-PKK»-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, «արաբական գարուն»-ին, Աֆղանստանում տիրող իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Նշվում է, որ Թուրքիայից հետո Բայդենն ուղևորվելու է Հունաստան: