Ա.Ղազարյան. «Հայաստանը ՏՏ ոլորտում մեկ քայլ առաջ է Վրաստանից, պետք է օգնենք մեր հարևաններին»
Վրաստանում գրանցված է 107 հայկական կապիտալով ընկերություն, իսկ Հայաստանում` 170 վրացական կապիտալով: Այս թվերը Թբիլիսիում` հայ-վրացական բիզնես ֆորումի մեկնարկին, լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Այսօրվա դրությամբ հայկական կողմը նախատեսում է Վրաստանում ավելի խոշոր հայկական կապիտալ ներդնել, սակայն մի նախապայմանով`այդ ձեռնարկությունները իրենց հիմնական կապիտալը, ինչպես նաև մենեջմենթը պահեն Հայաստանում.
«Եվ ինչու չէ` Վրաստանի միջոցով այլ շուկաներում ներկայացված լինելու հնարավորություն կտրվի»:
Գերակա ուղղություն էլ չկա, թե, ասենք, ո՞ր ոլորտում են գերադասում վրացիները կամ հայերը ներդնել իրենց կապիտալը: Թեև հայկական կողմի ՏՏ ոլորտում մեկ քայլ առաջ լինելը պարտավորեցնում է հայկական կողմին` «օգնել վրացի գործընկերներին առաջընթաց արձանագրելու համար»:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, ինչը վերջին երկու օրերին բազմաթիվ անգամ շեշտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի կոնտեքստում, Ա.Ղազարյանը նշեց, որ Հայաստանը խիստ կարևորում է հարևան երկրի հետ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացումը, քանի որ Վրաստանը «ամենակայուն, ամենաերաշխավորված ու վստահելի գործընկերն է».
«Տարիները ցույց տվեցին` շուկան համաչափ է զարգանում, իսկ զարգացումը շահավետ է երկուսի համար էլ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա հայաստանյան շուկայի բոլոր բրենդները, որ ճանաչում ունեն նաև միջազգային ասպարեզում, ամբողջությամբ ներկայացված են Վրաստանում:
«Մեր երկրների միջև ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները բավականին զարգացած ու բարձր մակարդակի վրա են, աճում է առևտրաշրջանառությունը, ներդրումների ծավալը: Բայց գտնում ենք, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն հնարավորություն էլ ավելի զարգացնելու տնտեսական հարաբերություններն ու ավելի շատ ներդրումներ կատարելու առումով»:
Սա արդեն Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Վ. Կոբալիայի խոսքն է, ով լրագրողների հետ զրույցում կրկնեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունը.
«Մեր պետությունները պետք է դիտարկենք իբրև մեկ տարածաշրջան և օտարերկրյա ներդրողներին էլ պետք է առաջարկենք ներդրում կատարել մեր միասնական տարածաշրջանում »,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է գոյություն ունեցող խնդիրներին, ապա Վ.Կոբալիան մեջբերեց նախօրեին նախագահներ Սարգսյանի և Սաակաշվիլիի հանդիպմանն արծարծված հարցերից մեկը.
«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի և Վրաստանի սահմանը հատելու բավականին բարդ ընթացակարգ է գործում, որը ժամանակի մեծ կորուստ է առաջ բերում: Այսօր քննարկվում է այդ գործընթացի դյուրացման հարցը և հաջորդ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվելու, որպեսզի սահմանը հատելիս ընդամենը մեկ անցակետում ավտոմեքենան գրանցվի` կամ հայկական, կամ վրացական կողմում»,- ընդգծեց նա ու հավելեց, որ սա կհեշտացնի ոչ միայն բեռնափոխադրումների գործընթացը, այլև զբոսաշրջիկների մուտքը Հայաստան կամ Վրաստան:
Նշենք, որ բիզնես ֆորումի բացման արարողությունից հետո հայկական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վերադարձավ Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին