Արտահանման ավելացում արդյունաբերության միջոցով
«Ազգն» անդրադարձել է Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, ըստ որի` ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնք կստանան պետության օժանդակությունը` նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսության արտահանելի հատվածը: Ընտրված ճյուղերն են` կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Վերոնշյալ ճյուղերի ապրանքների արտահանումը 2015-ին ակնկալվում է հասցնել 700-900 մլն դոլար` ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն:
Առաջին փուլի համար ընտրվել է 3 ճյուղ` կոնյակագործություն, դեղարտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Պետական աջակցությունը կլինի ինչպես ընդհանրական, այնպես էլ ըստ ոլորտային առանձնահատկությունների:
Ճշգրիտ ճարտարագիտությունը օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական եւ մեքենաշինական արտադրանք թողարկող ճյուղն է: Ներկայումս Հայաստանում այս ճյուղի ձեռնարկություններն արտադրում են տարբեր տեսակի չափիչ, ստուգող, ջերմակարգավորիչ, օպտիկական, լազերային սարքեր, բժշկական եւ արդյունաբերական նշանակության գերկարծր եւ բարձր ճշգրտության գործիքներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, կապի միջոցներ եւ համակարգեր, աճեցնում բյուրեղներ: Ճշգրիտ ճարտարագիտությունը ներկայացնող ձեռնարկությունների թիվը 60-70-ն է, որտեղ աշխատում են մոտ 4000 մարդ: Այս ձեռնարկությունները թողարկում են 35 մլն դոլարի արտադրանք, որից 17 մլն դոլարն արտահանվում է (2010-ի տվյալներով):