Մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարը
ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը, Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այսօր ներկայացնելու են 100 կտորից բաղկացած համերգաշարի անդրանիկ համարը:
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` նշելով, որ համերգաշարին մասնակցելու են նաև այլ ազգերի արվեստագետներ, իսկ համերգներ նախատեսված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Մենք ցույց ենք տալիս, որ հարյուր տարի անց էլ Հայաստանը կանգնած է ամուր հիմքերի վրա, ունի զարգանալու ներուժ ու նաև հասնելի դարձնենք մեր ցավը աշխարհին, հիշեցնենք, որ եղել է ցեղասպանություն ու հարյուր տարի անց էլ մենք հիշում ենք»,-ասաց նախարարը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսված, իսկ այս համերգաշարը շատ կարևոր է, «քանի որ ուղերձներ ենք հղում ամբողջ աշխարհին` հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին և երաժշտության միջոցով հիշում ու ոգեկոչում մեր նահատակներին»:
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նույնպես կարևորեց այս համերգաշարը`«ցույց տանք աշխարհին, որ չենք մոռանում այն հանցագործությունները, որոնք կատարվել են մեր ազգի դեմ»:
Այսօրվա համերգին հնչելու է Կոմիտասի, Մուշեղ Աղայանի, Մորիս Ռավելի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հաջորդ համերգը նախատեսված է Գերմանիայում` մարտին:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար հանձնաժողով է ստեղծվել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
2012 թվականի հունվարին, ըստ Հասմիկ Պողոսյանի, կամփոփվեն բոլոր առաջարկությունները` կապված կազմակերպվելիք միջոցառումների հետ ու պետական հանձնաժողովը եզրակացություն կանի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան