Այսօր Վրաստանում կմեկնարկի հայ-վրացական գործարար համաժողովը
Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի երկրորդ օրը կսկսի Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ: Ինչպես հաղորդում է Վրաստանի մայրաքաղաքից Panorama.am-ի թղթակիցը, եկեղեցու տարածքում նախատեսվում է Ա. Մանթաշովի կիսանդրու բացումը, որին ներկա կլինի նաև Հայաստանի ղեկավարը:
Այսօր նաև կմեկնարկեն հայ-վրացական գործարար համաժողովի աշխատանքները: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնել է, որ համաժողովը հայ-վրացական հարաբերությունների նորագույն պատմության ընթացքում երկրորդ անգամ է անցկացվում, առաջինը 2004-ին էր և կրկին հաջորդել էր ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցին:
«Բնականաբար նախագահի այցն էլ լուրջ խթան է հայ-վրացական գործարար կապերը էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու գործում»,-ասել է Ա. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցը հարևան երկիր մեկնարկել է երեկ: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա