««Եհովայի վկայի» գործով դատաքննությանը ներկա արտասահմանցի փաստաբանները անուղղակի կերպով ճնշում են գործադրել դատարանի վրա»
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի սբ.Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանի դեմ ֆիզիկական ուժ գործադրած «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության անդամի պատժաչափը բավարար չէ և ենթակա է բողոքարկման: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քահանայի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 15-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսային նկատել էր, որ «Եհովայի վկաների» 2 ներկայացուցիչներ հենց եկեղեցու բակում իրենց աղանդի քարոզչությունն են իրականացնում: Քահանան մոտեցել է և խնդրել էր հեռանալ եկեղեցու տարածքից, սակայն նրանք հրաժարվել էին հեռանալ, վիճաբանել էին քահանայի հետ, հարվածել նրան և սպառնալիքներ հնչեցրել:
Նոյեմբերի 28-ին ավարտվեց Եսայի քահանա Արթենյանի`ընդդեմ «Եհովայի վկա» կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի հայցով դատական նիստը: Դատարանի որոշմամբ` «Եհովայի վկան» դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման և ձերբակալվեց հենց դատարանի դահլիճից: Նա ճանաչվեց մեղավոր ՔՕ 143-րդ հոդվածով` հոգևորականին վիրավորելու, սպառնալու և եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով` դատարանը մերժեց մեղադրող կողմի` Քրեական օրենսգրքի այլ հոդվածների հատկանիշների առկայությամբ դատական վճիռ կայացնելու միջնորդությունը` միաժամանակ ընդունելով Անդրանիկ Մակվեցյանի փաստաբանների միջնորդությունը, որպեսզի պատժաչափը երկու տարվա ազատազրկումից 6 ամիս դառնա:
«Առաջին օրն էլ մենք հայտարարել ենք, որ համաձայն չենք վճռի հետ: Մենք պատրաստվում ենք մոտակա ժամանակներում բողոքարկել», - ասաց նա:
Փաստաբանը նաև նշեց, որ չնայած, որ իր բնույթով գործն ավելի շատ կենցաղային էր և նման գործեր շատ են քննվում դատարանում, դատական լսումներին ներկա էին նաև փաստաբաններ Մեծ Բրիտանիայից և Կանադայից, որով, փաստացի դատարանի վրա անուղղակի ճնշում էր գործադրվում:
«Չեմ կարող ասել, որ ճնշումներ են եղել, սակայն օտարերկրյա փաստաբանների ներկայությունը մտահոգիչ էր, մանավանդ, որ սա առաջին նմանատիպ դատավարությունը չէր», - ասաց Վ.Էլբակյանը:
Փաստաբանի կարծիքով` գործող օրենսդրությունը որևէ երաշխիք չի տալիս, որ նման դեպքեր չեն կրկնվի:
«Օրենսդրության մեջ չկա որևէ կետ, որը հստակեցնի, թե ինչ է հոգեորսությունը: Տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ կարող են քարոզել ցանկացած հասարակական վայրում, լինի դա դպրոց, հիվանդանոց, նույնիսկ քրեակատարողական հիմնարկ», - նշեց նա` հավելելով, որ աղանդավորական գործունեության ցանկացած հակաքարոզչություն միջազգային կառույցների կողմից անհապաղ ընդունվում է որպես խղճի ազատության սկզբունքի ոտնահարում:
Իր հերթին Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարեց, որ անձամբ դեմ է եղել երիտասարդի` 6 ամսով ազատազրկմանը, սակայն, եթե այս կազմակերպության ներկայացուցիչները կրկին քարոզեն եկեղեցու բակում, նա նորից կպահանջի նրանց հեռանալ: «Մյուս անգամ ես ավելի վճռական կլինեմ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան