Կհիմնվի հայ-վրացական ընկերություն` ճանապարհային սպասարկման աշխատանքները ավելի լավ կանոնակարգելու նպատակով
«Առաջին իսկ հնարավորության դեպքում, այսինքն` եղանակների բարելավվելուն պես, Վերին-Լարս անցակետը կբացվի և մեքենաները հնարավորություն կունենան սահմանն անցնել»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ըստ նրա` իրականում ճանապարհն ունի բավականին վտանգավոր հատվածներ և մեքենաների տեղափոխություն իրականացնելը ռիսկային է:
Նախարարը հայտնեց, որ սահմանում կուտակվել է շուրջ 200 բեռնատար մեքենա, որից 85-ը կանգնած է անցակետում, իսկ մնացածը դեպի Պյատիգորսկ և Ռոստով տանող ճանապարհին:
Մ.Վարդանյանի խոսքերով` հետագայում նման իրավիճակից խուսափելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնել հայ-վրացական համատեղ ընկերություն` ճանապարհային սպասարկման աշխատանքները ավելի լավ կանոնակարգելու նպատակով: Նշվեց, որ վաղն առավոտյան Հայաստանի ներկայացուցիչները կմեկնեն Վրաստան, որպեսզի սկսեն կանոնադրական խնդիրների շուրջ բանակցությունները:
Ըստ նախարարի` վարորդներին նախապես տեղյակ են պահել, որ նոյեմբերի կեսերից սպասվում են եղանակային վատ պայմաններ և խորհուրդ չի տրվում երթևեկել: Այդ մասին կարող են տեղեկանալ նախարարության պաշտոնական կայքից, բացի դրանից հաղորդագրություն է տարածել նաև բեռնափոխադրում իրականացնող «Ապավեն» ընկերությունը: «Պետք է դրան հետևել»,- ասաց նախարարը և հավելեց. «Վրացական գործընկերների հետ այս տարվա գարնանը պայմանավորվածություն ենք ձեռք բերել և նրանց շնորհիվ մենք կարողանում ենք իրական ռեժիմով հետևել, թե ինչպիսի իրավիճակ է ճանապարհներին»:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե որոշ մեքենաների թույլ են տալիս անցնել սահմանը, Մ.Վարդանյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Կա ծանրաքաշ մեքենա, որի օգնությամբ մոտ 10 օր առաջ հնարավոր է եղել դուրս բերել միայն այն մեքենաները, որոնք անցել էին վրացական սահմանը»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա