Օսկար Ուայլդի գերեզմանի վրա տեղադրված քանդակը այսուհետ պաշտպանվելու է համբույրներից
Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը թաղված իռլանդացի գրող, դրամատուրգ և գրաքննադատ Օսկար Ուայլդի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը շրջապատել են հաստ պաշտպանիչ ապակիներով: Agence France-Presse-ը հաղորդում է, որ դա արել են այն նպատակով, որպեսզի պաշտպանեն քանդակագործական կոմպոզիցիան գրողի երկրպագուների համբույրների կործանարար ազդեցությունից, քանի որ տարիներ շարունակ հուշարձանը ծածկվել է շրթներկի յուղով:
Գրողի գերեզմանի վրա կանգնեցված է թևավոր սֆինքս: Մինչև 1985 թվականը սֆինքսը գտնվել է բավականին լավ վիճակում, բայց այնուհետև այն սկսել են ավելի հաճախակի ծածկել գրաֆիտով, և տապանաքարը բազմաթիվ անգամներ մաքրել են:
Գործակալությունը նշում է, որ 1990-ական թվականներին գրողի երկրպագուները հիմք են դնում վատ սովորույթի՝ նրանք սկսել են համբուրել գերեզմանը և մի քանի տարիների ընթացքում հուշարձանը ծածկվել է շրթներկի հաստ շերտով: Եվ չնայած ներկանյութը ժամանակի ընթացքում գոլորշիացել է, յուղային մասը մնացել է սֆինքսի վրա, որը վատ է անդրադարձել ինչպես քարե արձանի վիճակի, այնպես էլ արտաքին տեսքի վրա: Արդյունքում որոշում է կայացվել սֆինքսը շրջապատել ապակիով: Նախագիծն իրականացնում են Իռլանդիայի մշակութային կենտրոնը:
Օ. Ուայլդը մահացել է 1900 թվականին Փարիզում: Նրան թաղել են Բայո գերեզմանատանը, բայց մի քանի տարի անց վերաթաղվել է Պեր-Լաշեզում: Ամեն տարի գրողի շիրիմին այցելում են հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները