Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով 183 երկրների շարքում 129-րդն է. TI
Թրանսփարենսի Ինթերնեշնլ (Transparency International) կազմակերպության` այսօր հրապարակված կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) դասակարգման այս տարվա աղյուսակում ընդգրկված է 183 պետություն: Այսօր կազմակերպված ասուլիսում հայտարարվեց, որ Հայաստանի ԿԸՀ արժեքը մնացել է անփոփոխ, և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հավասար է 2.6-ի, և այդ ցուցանիշով նա այս տարվա 183 երկրների ԿԸՀ դասակարգման աղյուսակում կիսում է 129-րդից 133-րդ տեղերը Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների և Սիրիայի հետ: Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը 178 երկրների շարքում կիսում էր 123-րդից 126-րդ տեղերը:
Այս տարվա տվյալների համաձայն, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 2010-ի համեմատ առաջընթաց գրանցել է միայն Վրաստանը: ԽՍՀՄ մնացած նախկին հանրապետություններն, ինչպես նաև Թուրքիան և Իրանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չեն գրանցել:
Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց, ելնելով նրա 15 նախկին հանրապետությունների ԿԸՀ ներկա արժեքներից, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը արձանագրել է, որ բացի մերձբալթյան հանրապետություններից և վերջին տարիներին նաև Վրաստանից, մնացած բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, կոռուպցիան ունի համակարգային բնույթ: Ըստ կազմակերպության, դա վկայում է, որ անցյալ դարի 90-ականների մասշտաբային համակարգային տնտեսական և քաղաքական փոփոխությունները չեն զուգակցվել համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումներով:
Ըստ TI-ի, դասակարգման աղյուսակում ընդգրկված երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքը 5-ից պակաս է: ԿԸՀ ամենաբարձր արժեք ունեցող երկիրը Նոր Զելանդիան է (9.5), որին հետևում են Ֆինլանդիան և Դանիան (երկուսն էլ` 9.4): Աղյուսակը ԿԸՀ 1.0 արժեքով եզրափակում են Սոմալին և Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը). վերջինս առաջին անգամ է ընդգրկվում ԿԸՀ աղյուսակում:
Արաբական գարնան երկրների մեծ մասը, ըստ աղբյուրի, գտնվում է ԿԸՀ դասակարգման աղյուսակի ներքին հորիզոնականներում, և նրանց ԿԸՀ արժեքները 4-ից ցածր է: Նշվում է նաև, որ եվրոյի գոտու այն երկրները, որոնք առավել խիստ են տուժել պարտքային ճգնաժամերից, գտնվում են Եվրամիության առավել ցածր ԿԸՀ արժեքներ ունեցող երկրների շարքում: Դա մասամբ հետևանք է այն բանի, որ պարտքային ճգնաժամի առանցքային խթանիչների շարքում է նաև պետական պաշտոնյաների անկարողությունը` սանձահարելու կաշառակերությունը և հարկերից խուսափումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան