Վենետիկում տրվելու է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը
Դեկտեմբերի 14-ին Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը:
«Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը: Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ցուցահանդեսի նախաձեռնողն է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան ճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգային ծրագրով, որը տեղի կունենա Սան Մարկո տաճարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները