Լ. Յունուս. Օգտվելով «Եվրատեսիլ»-ից աշխարհին կներկայացնենք Ադրբեջանի վարչակարգի մասին իրականությունը
Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ «Amnesty International»-ի զեկույցից հետո, այդ երկրում տիրող իրավիճակի մասին, մոտ ժամանակներս զեկույց է պատրաստվում նաև «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության կողմից:
«Ազադլիգ»-ի հետ զրույցում ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն այդ կապակցությամբ ասել է, որ եկող մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը առիթ է, որպեսզի իրենք կարողանան աշխարհին ներկայացնել Ադրբեջանի մաֆիոզ-կլանային վարչակարգի մասին իրականությունը:
«Ադրբեջանում օրենքը չի աշխատում: Խոսքի ազատության վիճակը ողբալի աստիճանի է հասել: Լրագրողների ձերբակալություններն ու սպանությունները շարունակվում են: Քաղաքացիների ունեցվածքի իրավունքների խախտումները զանգվածային չափերի են հասել: Ունեցվածքի իրավունքները ոտնահարված քաղաքացիների թիվն անցնում է 100 հազարը:
««Human Rights Watch»-ը հունիսին ուսումնասիրել է Ադրբեջանում քաղաքացիների ունեցվածքի իրավունքների խախտումների վիճակը և նամակ հղել նախագահ Իլհամ Ալիևին, ինչն անպատասխան է մնացել: Այժմ այդ կազմակերպությունը պատրաստվում է հրապարակել Ադրբեջանում հոկտեմբերին կատարած իր ուսումնասիրությունների արդյունքները:
Օգտվելով «Եվրատեսիլ»-ից, որ պետք է անցկացվի Բաքվում, մենք որոշել ենք աշխարհին ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների և իշխանության մաֆիոզ-կլանային բնույթի մասին ողջ ճշմարտությունը», -ասել է ադրբեջանցի իրավապաշտպանը: