Գ.Գասպարյան. «Մանկական Եվրատեսիլ» -ի մասնակիցները ոգևորված և տպավորված են մեր քաղաքի գեղեցկությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով մասնակիցներին` Երևանի քաղաքապետը կարևորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երևանում անցկացնելու փաստն ու ընդգծել է, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներն ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով:
Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը, մեծ տեղ հատկացնելով մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը, ակնկալում է եվրոպական մասնակից պետությունների տարբեր քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորում և ընդլայնում:
«Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք և հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանկական եվրատեսիլին մասնակից պատվիրակությունների անդամների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` հանդիպման, ջերմ բարեմաղթանքների և աջակցության համար:
«Հյուրերը ոգևորված և տպավորված են մեր հին, բայց և երիտասարդ քաղաքի գեղեցկությամբ և հյուրընկալությամբ: Շատերն այնքան են սիրել մեր քաղաքը, որ վերադառնալու ցանկություն են հայտնել»,-նշել է Գոհար Գասպարյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը: Շնորհակալություն հայտնելով փոքրիկին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրան նորանոր հաղթանականեր ու նվաճումներ և հանձնել է մայրաքաղաքի զինանշան-
խորհրդանիշը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ և, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվել են քաղաքապետի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները