ՀՀԿ-ն կներկայացնի առաջիկա տարիների տնտեսական քաղաքականությանը վերաբերող փաստաթուղթ
Կիրակի օրը Թումո կենտրոնում ՀՀԿ-ն տնտեսական կոնֆերանս է հրավիրել: Ինչպես այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, քննարկումը նվիրված է լինելու արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական մի շարք խնդիրների և արդյունքում հանրության դատին կներկայացվի մի փաստաթուղթ, որն իր մեջ կներառի առաջիկա տարիներին տնտեսական քաղաքականության ուղեծիրը. «Այս պահի դրությամբ ունենք հետաքրքիր մի փաստաթուղթ և շատ կարևոր է, որ դառնա նաև շահագրգիռ քննարկման առարկա»,- տեղեկացրեց նախարարը` ընդգծելով, որ այդ փաստաթուղթը բազմապիսի փորձագիտական ուսումնասիրությունների արդյունք է:
«Փաստաթուղթն, ըստ էության, ունի երկու մակարդակ: Նախ, ներառում է մեր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության սկզբունքները, այսինքն` գործիքակազմը, իսկ երկրորդ մակարդակում ներկայացված կլինեն գերակա 11 ոլորտները, որոնք Հայաստանի համար առավել առաջնային ու հեռանկարային են: Այս կոնտեքստում կփորձենք նկարագրել կոնկրետ թվերով, թե ինչպիսի՞ն են լինելու մեր մոտեցումները և ի՞նչ ծավալներ ենք ակնկալում ունենալ առաջիկայում»,- փաստաթղթի հիմնական գաղափարը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարը:
Ինչ վերաբերում է ոլորտներին, որոնք քննարկման առարկա են դառնալու, ապա դրանցից միայն երեքն է, որ կքննարկվեն կոնֆերանսում` մեքենաշինությունը, դեղագործությունն ու գինեգործությունը: Խնդիրը, բացատրեց նախարարը, զուտ տեխնիկական է, քանի որ հնարավոր չէ մեկ օրում ներառել բոլոր գերակա ոլորտների խնդիրներն ու զարգացմանը վերաբերող հարցերը:
«Մեր արտահանումը բավականին ցածր մակարդակի վրա է և առաջին խնդիրը, որ առաջ է քաշվում այս փաստաթղթով` այդ ծավալների ավելացումն է: Առավել ևս, որ արտաքին շուկայում արտահանումների առումով լուրջ պայքար է ընթանում»,- նախարարից հետո իր տեսակետը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, բավականին հավակնոտ ծրագրեր են ներկայացվելու, որոնք հնարավորություն կընձեռեն, օրինակ, արտահանման ներկայիս թիվը 2015թ-ին հասցնել 3.5 մլրդ դոլարի, իսկ 2020թ-ին` 5.5. մլրդ դոլարի:
Իսկ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է կոնֆերանսում առաջնային ընտրվել դեղագործության ոլորտի քննարկումը. «Դեղերի արտահանումը վերջին տարիներին 28 տոկոս աճ է արձանագրել: Իսկ քանի որ դեղամիջոցների կարիքը, ինչպես և սննդի դեպքում, մշտապես է նկատվում, մեր կարողությունները թույլ են տալիս ակնկալել այս ոլորտի հստակ զարգացում և ավելացնել արտահանման ծավալները»,- նշեց Ա.Բաբլոյանը:
Կոնֆերանսը կմեկնարկի կիրակի օրը ժամը 11-ին «Թումո» կենտրոնում. Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի այս, մասնակցելու են թե’ կառավարման ապարատի, թե’ գործարար միջավայրի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա