Տիգրան Դավթյան. «Այս տարին տնտեսական առումով կարելի է հաջողված համարել»
«Այս տարին տնտեսական առումով կարելի է հաջողված համարել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` հավելելով, որ սպասվում է ՀՆԱ-ի 5 % աճ, ինչը պետական բյուջեով նախատեսվածից մի փոքր ավելի է: «Այդ կանխատեսումն արել եմ տարեսկզբին և ուրախ եմ, որ այն իրականացավ»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա` հիմնականում արդյունաբերության մեջ արձանագրված աճի շնորհիվ է ընդհանուր տնտեսական աճ արձանագրվել: Տ.Դավթյանի խոսքերով` տարեվերջին արդյունաբերության ոլորտում կարձանագրվի 12-13 տոկոսի աճ, արտահանման ծավալների աճը կկազմի 20-25 տոկոս, իսկ զբոսաշրջության ոլորտում աճը կկազմի 13 տոկոս: Բացի դրանից, աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում: «Աճը ապահովվել է իրական հատվածի բավականին դինամիկ զարգացմամբ: Միայն շինարարության ոլորտում անկում ենք արձանագրում, սակայն բացասական չեմ համարում, քանի որ նախորդ տարիներին շինարարության ոլորտում արձանագրված աճի շնորհիվ տնտեսությունում կար դիսբալանս, իսկ հիմա ունենք ավելի հավասարակշռված, բալանսավորված տնտեսություն»,- նշեց Տ.Դավթյանը:
Ինչ վերաբերում է 2012թ.-ին սպասվող հնարավոր ճգնաժամին, ապա էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ միջազգային կառույցները, քաղաքական և տնտեսական ղեկավարները կգտնեն միջոցներ, որպեսզի գլոբալ տնտեսության մեջ հնարավորինս նվազեցնեն ռիսկերը: «Նախորդ ճգնաժամի ժամանակ փորձի պակասություն կար և այս տարիների ընթացքում սովորեցինք, թե ինչ է ճգնաժամը և ինչպես պետք է դիմակայել: Այսօր համաշխարհային տնտեսության ղեկավարներն արդեն կանխարգելող գործողություններ են իրականացնում, ինչը էականորեն կնվազեցնի այդ ռիսկերը»,- ընդգծեց Տ.Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա