Վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն հաճույքով է ընդունել Հայաստան գալու հրավերը
Դեկտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միայն մեկ համերգով հանդես է գալու ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորների գործերի մեկնաբանմամբ համաշխարհային ճանաչման արժանացած, վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն: Համերգը նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
«Ինքն է ցանկություն հայտնել, որ իր համերգը նվիրված լինի երկրաշարժի զոհերին»,-ասաց նա:
Կ. Հովհաննիսյանը նշեց, որ բարեգործական համերգներով գալու էր Վրաստան, և իրենց հրավերով եկավ նաև Հայաստան: «Հաճույքով ընդունեց մեր հրավերը, ինչը շատ ուրախացրեց, քանի որ նախ` մեր նվագախումբը հնարավորություն է ունենում վիրտուոզ երաժշտի հետ ելույթ ունենալ, ինչպես նաև մեր հանդիսատեսը հնարավորություն է ունենում նման արվեստագետի մասնկացությամբ համերգի ներկա լինել»,- ասաց նա:
Ա. Թորաձեն Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյան) հանդես կգա Ս. Պրոկոֆևի N 3 և Դ. Շոստակովիչի N2 դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտներով: Ասուլիսին ներկա Կ. Դուրգարյանի խոսքով, իրենք ընտրել են բարդագույն աշխատանքներ:
Ա. Թորաձեն ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան:1983 թվականից Թորաձեն բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Նշենք նաև, որ նա կատարողական արվեստում իր առաջին հաջողությունն արձանագրել է Հայաստանում. 1969 թվականին 16 տարեկան պատանի դաշնակահարը մասնակցել է Երևանում կայացած դաշնակահարների անդրկովկասյան մրցույթին` արժանանալով 1-ին մրցանակի:
Լրագրողներին Ա. Թորաձեն ասաց, որ 1963 թվականին եղել է Հայաստանում, ու ուրախությամբ ընդունեց հրավերը, քանի որ տարիներ անց կրկին հնարավորություն է ընձեռվել գալ Հայաստան: Նա ներկայացրեց իր անցած ուղին, ովքեր են եղել ուսուցիչները. «իմ առաջին ուսուցիչները իմ երկրորդ հայրն ու մայրն էին, այդքան ինձ հարազատ էին»: Նրա խոսքով, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայում. «Կովկասյան մորից ու հորից հետո հայտնվեցի լիովին այլ մթնոլորտում»:
Նշենք, որ Ա. Թորաձեն հաճախակի է համերգներով հանդես գալիս հայտնի նավագախմբերի հետ` Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Լոս Անջելեսի, Մոնրեալի, Չեխիայի, Շվեդիայի և այլն: Այժմ Ա. Թորաձեն ձայնագրում է Դ. Շոստակովիչի դաշնամուրի համար կոնցերտը Ֆրանկֆուրտի ռադիոյի նվագախմբի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները