Քաղաքական հոգեվարք ապրող ՀԱԿ-ը լսարան գրավելու վերջին ճիգերն է անում
Անդրադառնալով ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե կոալիցիայից դուրս գալու պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է համագործակցել ՀԱԿ-ի հետ` «Голос Армении»-ն գրում է. «ՀԱԿ-ի կողմից պարբերաբար սպեկուլյացիայի ենթարկվող «մարտի 1»-ի, «Քաղբանտարկյալների», «ավազակապետության դեմ պայքարի» թեմաներն արդեն սկսել են չհուզել ընդդիմադիր լսարանին, որի հետաքրքրությունը պահելու համար Կոնգրեսը, մասնավորապես` ԼՏՊ-ն, ստիպված է արհեստական ինտրիգներ ստեղծել»:
Թերթը նշում է, որ ՀԱԿ-ի ներսում արդեն այսօր կան մարդիկ, ովքեր դեմ են ԲՀԿ-ի հետ համագործակցելու տեր-պետրոսյանական «փայլուն» գաղափարին: Օրինակ` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մաքեյանն անհանգստություն է հայտնել ԲՀԿ-ի հետ համագործակցելու նպատակահարմարության վերաբերյալ:
Ըստ թերթի` ԼՏՊ-ի հայտարարության միակ նպատակը հասարակական հետաքրքրություն և որոշակի ինտրիգ մտցնելն էր, ոչ ավելին: «Նույնիսկ եթե ենթադրենք, որ վաղը ԲՀԿ-ն դուրս կգա Կոալիցիայից և ծայրահեղ ընդդիմադիր ուժ կդառնա, այնուամենայնիվ այս կուսակցությունը ՀԱԿ-ի հետ համագործակցելու որևէ հիմք չի ունենա, քանի որ առաջին հերթին նման դաշինքը որևէ քաղաքական դիվիդենտ չի բերի ԲՀԿ-ին: Այսօր լևոնականները գրեթե ոչինչ չունեն` ո´չ հեղինակություն, ո´չ ընտրազանգված և ո´չ էլ որևէ ներքին կամ արտաքին օժանդակություն»,-գրում է թերթը: