Ի՞նչ անել սեռական շեղում ունեցողներին. Առաջարկում են սեքսոպաթոլոգն ու դրամատուրգը
Սեռական ոտնձգություն կատարած անձի քիմիական ամլացումը իրենից ներկայացնում է հորմոնների ներարկում, որի հետևանքով սեռական ցանկությունը նվազում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երևույթը ներկայացրեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և բացատրեց. «Ինչքան էլ փորձենք այս մեթոդը կիրառել, անձի մոտ սեռական ցանկությունը կնվազի, բայց ագրեսիվությունը կմեծանա: Գուցե այդ անձը հետագայում դառնա մոլի խելագար, մոլի բռնաբարող և այլ քայերի ընդունակ լինի, էլ չեմ ասում առողջական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ հորմոնի ներարկման արդյունքում»:
Սեքսոպաթոլոգը կարծում է, որ նման անձանց բուժումը պետք է սկսել «վերևից». այսինքն հոգեթերապևտիկ բուժում անցկացնել:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ կարծում է, որ այդպիսի մարդկանց դատաստանը պետք է տա հասարակությունը և մատնանշեց բորոտների օրինակը, որոնց հասարակությունից առանձնացնում էին: «Հասարակության վերաբերմունքն է պետք: Մարդուն հատուկ է ամեն ինչ` անասունությունից մինչև բարոյական վեհ արարք: Օրենքը ինչքան խստացնենք, կունենանք հակառակ երևույթը, հասարակության վերաբերմունքը պետք է ազդի մարդու վրա», -նշեց դրամատուրգը:
Նշենք, որ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում էր փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում (կաստրացիա)։ Հեղինակի պարզաբանմամբ, օրինագիծն ուղղված է վերջին շրջանում տարածված մանկապղծության երևույթի դեմ։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս շաբաթ բացատրել էր, որ կառավարությունը սկզբունքային առարկություն չունի, սակայն նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։
Կառավարությունն առաջարկում է կամավոր ամլացման տարբերակը, որի էությունը հետևյալն է. եթե անձը նման ոտնձգություն է կատարել և կրում է իր պատիժը, պատժից ազատվելուց որոշակի ժամանակ առաջ անցնում է հատուկ փորձաքննություն և փորձագետները տալիս են եզրակացություն` արդյոք դուրս գալուց նա նման վտանգ ներկայացնո՞ւմ է հանրության համար, թե՞ ոչ: Եթե վտանգ չի ներկայացնում, ապա սա տեղի չի ունենում: Իսկ եթե եզրակացությունը դրական է, ապա նա պետք է հարկադիր բուժման ենթարկվի:
Թեպետ Խոդիկյանը դեմ է խիստ օրենքին, բայց նա կողմ է, որ այս օրինագիծն ընդունվի: «Պետք է խիստ լինել այդ մարդկանց նկատմամբ, քանի դեռ հասարակությունն իր դաժան վերաբերմունքը ցույց չի տալիս», -նշեց դրամատուրգը:
Իսկ Շահրամանյանն էլ օրինագծին այս տեսքով դեմ է: «Պետք է լավ մշակել: Իսկ ընդհանրապես, եթե ուզում ենք բռնաբարությունների թիվը քչացնել մշակութային հեղափոխություն պետք է իրականցանել, վերացնել բռնությունը, ագրեսիան եթերից», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան