Ա.Աշոտյան. «Տնտեսական ու կրթական բարեփոխումները սիամական երկվորյակներ են»
Հայաստանի 2012-2020թթ. տնտեսական զարգացման ռազմավարությունն այսօրվա սեմինարում ներկայացնելիս` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ գիտելիքի զարգացումը տնտեսության զարգացման հիմնական թիրախներից մեկն է: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց՝ կրթական համակարգի բարեփոխումները հենց այս իմաստով է, որ ինքնանպատակ չեն և նպատակ ունեն նախևառաջ սպասարկել տնտեսական գերակայությունները.
«Կրթական համակարգի թիվ մեկ առաքելությունը որակյալ կադրեր պատրաստելն է, որոնք կարող են տնտեսության այս կամ այն հատվածում իրենց աշխատանքով ապահովել զարգացում և ընդլայնում»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց նախարարը:
Բարեփոխումներն այս փուլում նպատակ ունեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստում, ինչը, նշեց Ա.Աշոտյանը, ենթադրում է կրթության բովանդակության վերանայում՝ ինտեգրացված գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, համակարգի ներդրում, արտադրական պրակտիկայի բարելավում, մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցություն և այլն:
Հաջորդ կարևորությունը պետական պատվերի նպատակային ձևավորումն է տնտեսության գերակայություններին համապատասխան.
«Երկու տարի է, ինչ նման ռազմավարություն ենք իրականացնում՝ մասնավորապես գերակայություն տալով գյուղատնտեսության ու ՏՏ ոլորտներին, իսկ ոչ տնտեսական հատվածից գերակայություն տալով հայագիտությանը, մշակույթին և այլն»,- թվարկեց նախարարն ու ընդգծեց՝ տնտեսական ու կրթական բարեփոխումները սիամական երկվորյակներ են և տնտեսության մեջ որակյալ աշխատուժի պահանջարկը ստեղծելու, զարգացնելու դեպքում կրթական ոլորտում կարելի է ակնկալել ավելի արդիական ու արագ փոփոխություններ:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին մասնակցում է ՀՀԿ տնտեսական սեմինարին, որում քննարկվելու են գերակա երեք ոլորտների զարգացմանը նվիրված ռազմավարությունները, որոնք, վարչապետի խոսքերով, պետք է գիտելիքահեն լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին