Արամ Ամիրզադյան. Պետական դավաճանության համար 15 տարի պատժաչափը քիչ է
Ադրբեջանի օգտին լրտեսած, պետական դավաճանության մեջ մեղադրվող երեք հայ երիտասարդների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:
«Այստեղ մենք գործ ունենք պետական դավաճանության հետ, որը առավել մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և, ընդհանրապես, պետության անվտանգության համար», -նշեց Ամիրզադյանը:
Կարեն Մեհրաբյանը, որը լրտեսական ցանցի առաջնորդն ու կազմակերպիչն է եղել, Աշոտ Չտրկյանը և Ռոմիկ Մաթևոսյանը մեղադրվում են առավել ծանր` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական դավաճանությունը) հատկանիշներով հանցանք գործելու համար: Դատարանում նրանց մեղքը հաստատելու դեպքում, ամբաստանյալներին սպասվում 10-ից 15 տարվա ազատազրկում: «Կարծում եմ` պետական դավաճանության համար այս պատժաչափը քիչ է», -հավելեց մեղադրող դատախազը:
Նշված երեքի հետ միասին նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալ անցնում են նաև Կարեն Պետրոսյանն ու Արթուր և Դավիթ Ավետիքյանները, ովքեր, ըստ մեղադրական եզրակացության, տեղյակ են եղել հանցանքի մասին, բայց չեն հայտնել իրավապահներին:
Արամ Ամիրզադյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պետական դավաճանության համար սա անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն վեցերորդ գործն է: Մեկ գործ եղել է Թուրքիայի օգտին լրտեսության համար, որի շրջանակներում դատապարտված Մուրադ Բոջոլյանն արդեն ազատ է արձակվել:
«Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար Հայաստանը, մանավանդ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությունը և զինվածությունը, ու ընդհանրապես` ԼՂ Պաշտպանության բանակի գործունեությունը մեծ հետաքրքրություն են ներկայացնում», -նկատեց մեր զրուցակիցը:
Հարակից լուր. «Ոչ թե հանցանք է, այլ ոճիր». Պետական դավաճանության համար մեղադրվողների դատը կշարունակվի հաջորդ շաբաթ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան