Ադրբեջան. Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են
Մի շարք երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվի կենտրոնում՝ խաղաղ պայմաններում անընդհատ գրանցվող զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները վրդովմունք են հայտնել այն կապակցությամբ, որ անհայտ պատճառներով, խաղաղ պայմաններում, շարունակ ադրբեջանցի զինվորներ են մահանում: Նրանք պահանջել են պատժել մեղավորներին, ինչպես նաև ուսումնասիրել նման երևույթների պատճառները:
Ակցիային մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ, որոնք զոհված զինվորների նկարներով պաստառները ձեռքներին՝ տարբեր կարգախոսներ են վանկարկել:
Լրատվականը նաև տեղեկացնում է, որ մի քանի րոպե անց, ժամանել են ոստիկանները և բռնությամբ ցրել ակցիայի մասնակիցներին, ինչի հետևանքով վեճ է սկսվել: Այսպիսով, ձերբակալվել են ակցիայի 10 մասնակիցներ և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք: