Ադրբեջանի ռազմական կցորդը հերքել է Սաֆար Աբիևի` Իրան կատարելիք այցի մասին հրապարակված տեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի` Իրան կատարելիք այցի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Սոլեյմանովը, «Ազեր Թաջ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Սաֆար Աբիևի` Իրան կատարելիք այցելության մասին տեղեկատվությանը, նշել է. «Այդ տեղեկատվությունը հրապարակվել է իրանական ԶԼՄ-ների կողմից, սակայն Ադրբեջանի և Իրանի համապատասխան պաշտոնական կառույցները չեն հաստատել դրա հավաստիությունը: Եթե առաջիկայում նման այց նախատեսված լինի, ապա այդ մասին պաշտանապես կհայտարարվի»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Սոլեյմանովը դեկտեմբերի 1-ին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երկկողմ հետաքրքրությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, մտադիր է եկող տարվա սկզբին այցելել Իրան»: