«ԻԿՕՄՕՍ»-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Անիի Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ն. Սարկոզիի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ի. Բոկովայի բարձր հովանու ներքո, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ/Ֆրանսիայի հրավերով նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում իր 17-րդ Գլխավոր ասամբլեան է գումարել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը: ԻԿՕՄՕՍ/Հայաստան-ից հայտնում են, որ 109 երկրների 1120 պատվիրակներ լիագումար նիստերով ընթացող Գլխ. ասամբլեայի աշխատանքներին զուգահեռ մասնակցել են նաև «Ժառանգությունը զարգացման շարժիչ» գիտաժողովին:
Գլխավոր ասամբլեան քննարկել է և ընդունել 41 բանաձև, որոնք վերաբերում էին ինչպես կազմակերպական և տեսական, այնպես էլ ժառանգության պահպանության առանձին դեպքերի: «Ժառանգության սպառնալիքներ» բաժնում ընդունվել է նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից առաջարկված բանաձևը` Անիի Մայր տաճարի և Ամենփրկիչ եկեղեցու վերաբերյալ: Բանաձևի քվեարկության ժամանակ թուրք պատվիրակ, Ստամբուլի Յիլդիզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Կան Բինանը հանդես է եկել առաջարկով` բանաձևում ներառել առանձին պարբերություն` Հայաստանի կողմից Անիի քարհանքում պայթեցումները դադարեցնելու պահանջով:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը, ով 17-րդ Գլխավոր ասամբլեայում ներկայացնում էր ԻԿՕՄՕՍ/Հայաստանը, ի պատասխան թուրք գործընկերոջ առաջարկի հանդես է եկել ելույթով և տեղեկացրել, որ քարհանքի շահագործումը դադրեցված է, ինչպես նաև կոչ է արել պատվիրակներին քվերակել Հայաստանի բանաձևի օգտին: Գլխավոր ասամբեան հավանության չի արժանացրել թուրք պատվիրակի առաջարկը և դահլիճի բացարձակ մեծամասնությամբ ընդունվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի առաջարկած բանաձևը, որի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.
«ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ Գլխավոր ասամբլեան
Նկատի ունենալով սահմանից դուրս գտնվող ժառանգությունների վերաբերյալ ԻԿՕՄՕՍ-ի 15-րդ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 26-րդ բանաձևը և ՅՈՒՆԵՍԿՕ - Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ /WMF/ պաշտոնական գործընկերությունը
Նկատի ունենալով գալիք սերունդներին ժառանգության անխաթար և ամբողջական փոխանցման կարևորությունը և հաշվի առնելով այն, որ ժառանգությունը ներկայացնում է բազմազան ու բազմակի հարթություններ` ինչն անհարժեշտ է դարձնում, որ այն ճանաչվի որպես ընդհանուր արժեք
Ճանաչելով պատմական քաղաքների պահպանության անհրաժեշտությունը` որպես մարդկային տարբեր հասարակությունների կողմից ստեղծված մշակութային և նյութական բազմազանության արտահայտություն
Նկատի ունենալով այն փաստը, որ դրանց մեծ մասը աստիճանական անկման պատճառով սպառնալից վիճակում է և հաճախ ենթարկված է անդարձունակ ավերման
Ճանաչելով Անիի, միջնադարում Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքի` որպես միջնադարյան քաղաքաշինության բացառիկ օրինակի մեծ արժեքը և հաշվի առնելով այն, որ քաղաքն այս տարի նշում է իր հիմնադրման 1050-րդ տարեդարձը
Նկատի ունենալով նաև Անիի ուշագրավ ժառանգության պահպանության և պաշտպանության ուղղությամբ Անիի Մայր տաճարի և Ամենփրկիչ եկեղեցու ամրակայման և վերականգնման հրատապ միջոցների անհրաժեշտությունը
Նշելով, որ այդ միջոցների ձեռնարկումը հաստատվել է հատկապես թուրքական իշխանությունների և WMF-ի միջև գործընկերային համաձայնությամբ
Նպատակ ունենալով մասնագիտացված պրոֆեսիոնալների, ներառյալ միջնադարյան հայ ճարտարապետության միջազգային մասնագետների, միջոցով աջակցել վերականգման աշխատաքներում բարձր որակի և արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև ընձեռելով կիսված ժառանգության պահպանության հաջողված փորձի հնարավորություն
Որոշում է. դիմել ԻԿՕՄՕՍ-ի նախագահին ` Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության հետ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ու ԻԿՕՄՕՍ/Թուրքիայի, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի համապատասխան գիտական կոմիտեների, WMF-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կազմել միջազգային մասնագետների խումբ հետևյալ նպատակով.
ա/ ազգային և միջազգային կոմիտեներից, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի ազգային կոմիտեները, մասնագետների խմբի միջոցով խրախուսել պահպանության և վերականգնման պրոֆեսիոնալ պարտավորությունը` Անիի մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներում (Արևելյան Անատոլիա, Թուրքիա) և
բ/ այս միջազգային համագործակցության արդյունքները դարձնել մատչելի` որպես ժառանգության պահպանության և պաշտպանության բնագավառում համագործակցության ու փոխըմբռնման օրինակ»: