Ա.Աշոտյան. «43 հազար մանկավարժներ կօգտվեն սոցիալական փաթեթից»
Ազգային Ժողովը սկսեց քննարկել 2012թ-ի պետական բյուջեի նախագիծն ընդունելու հարցը. հնարավոր բոլոր փոփոխությունները դրանում արվել են` ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո:
Կրթական բլոկը ևս փոփոխվել է, հիմնական փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսուցիչները ևս կընդգրկվեն սոցիալական փաթեթում, որ այս տարի առաջ անգամ ներդրվելու է.
«43 հազար հանրակրթական, հատուկ դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժներ ընդգրկվել են սոցիալական փաթեթ ստացող անձանց ցուցակի մեջ, ինչը էապես կբարձրացնի կրթության ոլորտի ֆինանսավորման ցուցանիշը, քանի այդ փաթեթն օգտագործելու տարբերակներից մեկը ուսման վարձի փոխհատուցումն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց հիմնական փոփոխությունը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը հստակեցրեց` սոցիալական փաթեթով ուսման վարձ փոխհատուցել հնարավոր կլինի միայն պետության կողմից արտոնագրված բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում:
Ինչ վերաբերում է փոխհատուցման թվային պատկերին, ապա սոցիալական փաթեթը իրենից ներկայացնում է, այսպես ասած, 120 հազար դրամի աջակցություն.
«Դա մոտավորապես միջինացված ուսման վարձի 27 տոկոսն է անում»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը:
Հիշեցնենք, 2012թ-ի պետական բյուջեի նախագծի նախնական տեքստում մանկավարժների ներգրավումը սոցիալական փաթեթ ստացող անձանց թվում ներկայացված չէր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին