Ադրբեջանն անցնում է 7-ամյա նախագահական ժամանակաշրջանի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ադրբեջան 2020. հայացք ապագային» անվանմամբ զարգացման հայեցակարգ պատրաստելու մասին հրամանագիրն առանձնապես չգրավեց ընդդիմադիր մամուլի և անկախ վերլուծաբանների ուշադրությունը, այն պարզ պատճառով, որ այն հաշվարկված է իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժի, կամ էլ կոնկրետ առաջնորդի` իշխանության մեջ մնալու համար: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ նման ենթադրության համար հիմք է տալիս հայեցակարգում նշված 2020 թվականը, որը չի համընկնում ոչ Ադրբեջանում նախագահական ժամկետի համար սահմանված 5-ամյա ժամկետի պարբերականությանը (2018), ոչ անկախության վերականգնման 30-ամյակի տարեթվին (2021), ոչ էլ Հեյդար Ալիևի իշխանության գալու 30-ամյա տարեթվին (2023):
Ադրբեջանի իշխանությանը մոտ աղբյուրի խոսքով` այդ հարցը կապված է շատ ավելի լուրջ նպատակների հետ, և իշխանության «ուղեղային կենտրոնում» արդեն լրջորեն սկսել են քննարկել հերթական սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը, որոնցով իշխանությունը ցանկանում է նախագահական ժամկետը դարձնել 7 տարի:
«Հենց դրանով է պայմանավորված Ալիևի կողմից առաջարկվող հայեցակարգում նշված 2020 թվականը, որը հաջորդում է 2013 թ-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների 7-ամյա ժամկետին»,- նշում է թերթի աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` ներկայում կառավարման մեջ բարձր դիրք գրավող խմբավորումը ցանկանում է 2013 թ-ի նախագահական ընտրություններում ամեն գնով առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը: Սակայն իրադարձությունների ոչ ձեռնտու զարգացումը կարող է հարկադրել նրանց բավարարվել Ռուսաստանի տարբերակի ավելի արևելականացված մոդելով` այսինքն նախագահության ժամկետի 7-ամյա տարբերակով, ինչպես դա արվեց Ռուսաստանում` երկարացվեց Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետը: Ադրբեջանում այդ տարբերակի առաջարկողների կարծիքով` դա նվազագույնը կարող է մեղմացնել քաղաքական համակարգում իրադարձությունների և հնարավոր հարկադիր քաղաքական բարեփոխումների պատճառ հանդիսացող ցնցումները:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ այդ հարցը մոտ ժամանակում խորհրդարանում կբարձրացնի իշխանությանը մոտ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, և իշխանություններն այն կսկսեն հանրայնացնել` ներկայացնելով որպես 2020 թ-ի զարգացման հայեցակարգի քաղաքական երաշխիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան