Ա.Բախշյան. «Տավուշի օրինակով Հայաստանը պատրաստ է համընդհանուր ներառական կրթության անցնել»
Հայաստանն առաջիկայում պատրաստվում է անցնել համընդհանուր ներառական կրթության` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծն արդեն մշակվում է: Հանրապետության մարզերից մեկը վաղուց արդեն պիլոտային կարգով անցել է կրթության այդ տեսակին, երբ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները սովորում են սովորական հանրակրթական դպրոցներում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով բոլորովին վերջերս այցելել է Տավուշի մարզի որոշ համայնքների դպրոցներ:
«Այցի նպատակը հիշյալ նախագծի նախադրյալը տեսնելն էր, քանի որ Տավուշի մարզում այսօր արդեն արվում է այն, ինչին կառավարությունը օրենսդրական փոփոխությունների ճանապարհով դեռ նոր գալու է»,- նշեց մեր զրուցակիցը:
Պատգամավորի բնորոշմամբ, այդ լուրջ ու շատ կարևոր ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Նորվեգիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» հկ-ների մասնակցությամբ: Իսկ քանի որ ծրագիրն իր ավարտին է մոտենում, ապա ԱԺ պատգամավորը Տավուշ էր մեկնել միջազգային փորձագետի հետ միասին` վերջինս Հայաստանում է, որպեսզի գնահատի դրա արդյունավետությունը:
Բերդ, Նոյեմբերյան և Կողբ. սա այն համայնքներն են, ուր եղել է խումբը: Այստեղ է, որ ականատեսն են եղել կրթությունն ապահովող ուսուցչի օգնական հասկացության կիրառմանը, ինչն իր հետ բերել է համընդհանուր ներառական կրթության մոդելը: Եվ, նշում է տիկին Բախշյանը, ուսուցիչների ընտրությունը համապատասխանում էր իրենց լիազորություններին:
Ի դեպ, այս մասին խոսելով ընդդիմադիր պատգամավորը գովեց մարզի ՀՀԿ-ական մարզպետ պարոն Ղուլարյանին` ընդգծելով, որ վերջինիս անմիջական ջանքերի շնորհիվ է, որ կրթությունն այս մարզում լավ հիմքի վրա է դրված. «Հեռավոր Բերդում նման մոտեցումը կրթական այս նուրբ համակարգին մեզ ուղղակի ապշեցրեց: Այն հինգ հաստիքները, որ թիվ 3 հիմնական դպրոցին տրվում են հիմնական ֆինանսավորմամբ ու որոնք սահմանել է կառավարությունը, որևէ անհամապատասխանություն դրա կոնտեքստում ես չտեսա»,- նշեց պատգամավորն ու թվարկեց այդ հաստիքները` հոգեբան, լոգոպեդ, սոցմանկավարժ և հատուկ մանկավարժ:
«Ներառական կրթության նպատակը նաև կրթության որակի բարձրացումն է և հասկանալի է, որ դրան հասնելու համար հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար կազմակերպվի ճիշտ կրթություն: Այնպես որ, ճիշտ ընտրված մանկավարժը այս ճանապարհին կարևոր գործոն է: Մարզում դպրոցների ուսուցչական կազմերի հետ հանդիպելուց հետո կարող եմ ասել, որ նրանց աշխարհայացքը ու մոտեցումներն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ լիովին տարբերվում են նրանից, ինչ ես տեսել եմ Երևանում… դրան դեռ ունենք գալու»:
Ցավոք, Բերդի միջին մասնագիտական ուսումնարանը ներառական կրթության սկբունքով չի աշխատում: Այս խնդիրն արդեն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներն են բարձրաձայնել. «Այսինքն` երեխաները դպրոցն ավարտում են, ստանում են միջնակարգ կրթություն առանց որևէ խոչընդոտների, անկախ այն բանից, թե առողջական ինչ խնդիրներ ունեն, բայց այդքանից հետո պետությունը կրթության առջև դուռը նրանց առջև փակում է: Հարց` ինչպե՞ս է այդ երեխան ապրելու, գումար վաստակելու ապագայում, երբ այսօր նրա կողքին կանգնած հարազատներն ու բարեկամներն այլևս չլինեն»,- հետաքրքրվում է ընդդիմադիր պատգամավորը:
Հայաստանում նման հնարավորություն ընձեռող ընդամենը երկու ուսումնարան կա, երկուսն էլ մայրաքաղաքում: Բայց, նախ, ոչ բոլոր երեխաները կարող են ինքնուրույն կյանք վարել, բնակվելով հանրակացարաններում և երկրորդ` ոչ բոլոր ծնողներն են համաձայն երեխաներին կտրել ընտանիքից: Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, Բերդի ուսումնարանում չստեղծել համապատասխան պայմաններ այդ երեխաների ուսումը շարունակական դարձնելու համար, մանավանդ որ մարզն այդքան ողջունելի ցուցանիշներ ունի ներառական կրթության ներդրման առումով. «Այս հարցն անպայման բարձրացնելու եմ պարոն Աշոտյանի մոտ»,- ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը:
Ինչ վերաբերում է միջազգային փորձագետի այցին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս ուղղակի տպավորված էր այն արդյունքներով, որ Հայաստանում հնարավոր է եղել հասնել այս տասը տարիների ընթացքում:
Վերադառնալով համապատասխան օրենսդրական փոփոխություններին, Ա.Բախշյանը տեղեկացրեց, որ նախագիծը առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ընդունվելու դեպքում անցումային ժամանակաշրջան կտրվի, որով կհստակեցվի, թե քանի տարում մարզերի բոլոր դպրոցները պետք է գան կրթական այդ մոդելին: Ընդգծեց նաև, որ այսօրվա մակարդակով էլ Հայաստանը խորհրդային նախկին երկրների համեմատությամբ առաջատարն է և նույնիսկ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ ներառական կրթության ներդրման իմաստով դեռ սկզբնական քայլեր են անում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին