Արթուր Աբրահամ. Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է
Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է: Վերջինն ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն: Այս մասին հայտնում է հայազգի մարզիկի մամուլի խոսնակը:
«Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշում է Արթուր Աբրահամը:
Հայ անվանի բռնցքամարտիկը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները ևս մեծ սպասելիքներ ունի Արթուր Աբրահամից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում նվաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): Այս տարի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան