Իրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը
Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից 32 տարի անց Իրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը:
Այդ մասին հաղորդում է գերմանական «Դոյչե Վելե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ստեղծվել և արդեն գործարկվել է Իրանում ԱՄՆ դեսպանության երկլեզու (անգլերեն և պարսկերեն) կայքը, որտեղից Իրանի քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի արտոնագրի ամրագրման և ԱՄՆ-ում կրթություն ստանալու վերաբերյալ բավարար չափով տեղեկատվություն ստանալ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վիրտուալ դեսպանության բացման առթիվ ուղերձ է հղել իրանցիներին, որտեղ, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, մենք միմյանց հետ երկխոսելու համար բազմաթիվ կարևոր հնարավորություններ ենք բաց թողել, ահա սա մի վայր է, որտեղ մենք կարող ենք ազատորեն շփվել միմյանց հետ»:
Նշենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: